Տնտեսություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սլովակիայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սլովակիայի հետ տնտեսական համագործակցության համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Սլովակիայի Հանրապետության կառավարության հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարությունը սույն որոշումը կայացրել է փետրվարի 3-ի հերթական նիստում:

Նախագծում նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և անտառային տնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտը ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, թվայնացումը և այլն։

«Տվյալ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Համաձայնագիրը հանդիսանում է տնտեսական բնույթի տիպային Համաձայնագիր․ նման բովանդակության համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դիվերսիֆիկացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:Համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը:Համաձայնագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին և նպատակներին»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Ելնելով վերոհիշյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում