Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կկառուցվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում լեռնադահուկային նոր համալիր կառուցել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին ներկայացնելով ներդրումային ծրագիրը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ անելու են ամեն ինչ, որ հաջորդ տարի լեռնադահուկային ավանը սկսի աշխատել: Ըստ ներդրումային ծրագրի՝ «Մայլեռ մաունթայն ռեզորթը» նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ՝ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։
« «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը, որը նպատակ ունի Ապարանում լեռնադահուկային, ճոպանուղային, ռեստորանային ու հյուրանոցային համալիրներ կառուցել, պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ ճոպանուղու ձեռքբերման համար»,- տեղեկացրեց Քերոբյանը:
Համալիրի կառուցման գործում ընդգրկված կլինեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։