Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին

Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր 
փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, Շոյգուն շեշտել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ:

«Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում»,- նշել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում:

«Հաստատել ենք զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,- հավելել է նա:

Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում:

«Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»,- հավելել է ՌԴ նախագահը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]