Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կայացել է «Կումայրիից մինչև Գյումրի» ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցի առցանց շնորհանդեսը

Կայացել է «Կումայրիից մինչև Գյումրի» ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային 
ուղեցույցի առցանց շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագիրը թողարկել են «Կումայրիից մինչև Գյումրի» առաջին ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀԲԸՄ-ից, էլեկտրոնային ուղեցույցի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին՝ առցանց։ Նախագիծն իրագործվել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։

Ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցը ներկայացնում է Գյումրու պատմական և մշակութային տեսարժան վայրերը։ Այն ներառում է եռաչափ (3D) և վիրտուալ իրականության (VR) ինտերակտիվ քարտեզներ՝ վերլուծության դինամիկ հնարավորություններով և հարակից կառույցների որոնումով: Ունի հարուստ տեսողական ու աուդիո բովանդակություն, որն այցելուներին հնարավորություն է տալիս վիրտուալ շրջայց կատարել Գյումրի քաղաքում կամ օգտագործել այն  անձնական այցի ընթացքում։

Էլ. ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով:

«Մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույցի միջոցով նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստանի մշակութային այցեքարտերից մեկի՝ Գյումրիի պատմամշակութային ժառանգության հետագա հանրայնացման և հասանելիության տեսանկյունից», - ասաց ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջեֆ Փարեթչանը նախագիծն անվանեց «գործընկերության դրական ուժի ևս մեկ օրինակ»` հիշելով նախկինում ՀԲԸՄ-ի հետ ունեցած բազմաթիվ համագործակցությունները, ինչպես՝Վայոց ձորի պատմամշակութային վայրերին նվիրված էլեկտրոնային գիրքը։

«ՀԲԸՄ-ն ունի չորս առանցքային հիմնասյուներ՝ մշակույթը, կրթությունը, մարդասիրական և սոցիալ-տնտեսական զարգացումը, Գյումրիի մշակութային ժառանգության այս ցուցադրությունը հրաշալի կերպով տեղավորվում է այդ հիմնասյուներից երկուսի՝ մշակույթի և տնտեսական զարգացման մեջ՝ զբոսաշրջության միջոցով», - իր ողջույնի խոսքում նշել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և հանրային կապերի պատասխանատու Արդա Հարաթունյանը։

Նրա խոսքով՝ ՀՎՀ-ն եղել է հայկական առցանց կրթության տեխնոլոգիական նորարարության առաջամարտիկ և նոր էլեկտրոնային ուղեցույցը դրա ևս մեկ ապացույցն է։

«Այս վիրտուալ ցուցադրությունը կխթանի Գյումրիում տեղական և միջազգային զբոսաշրջության զարգացումը։ Մենք խորապես գնահատում ենք թիմային աշխատանքը, որն օգնեց կյանքի կոչել այս նախագիծը», - ասել է «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանը։

«Հիանալի էր տեսնել, թե ինչպես կյանքի կոչվեց այս նախագիծը։ Մենք օգնեցինք ստեղծել մնայուն նյութ, որը վերահաստատում է և հանրայնացնում է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը», - իր եզրափակիչ ելույթում նշել է Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների գրասենյակի ներկայացուցիչ Լորեն Էփլբաումը:

ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ և ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ, դոկտոր Երվանդ Զորյանը նոր էլեկտրոնային ուղեցույցը որակեց ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի հաջողված շարունակություն. «Այս անգամ այն գեղեցիկ պատմություն-քարտեզի ձևաչափով է՝ ինտերակտիվ մուլտիմեդիա բովանդակությամբ: ՀՎՀ-ն օգտագործել է ժամանակակից տեխնոլոգիաներ Գյումրու գեղեցիկ ժառանգությունը վիրտուալացնելու համար»:

Առցանց ցուցադրությանը նաև մասնակցեցին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանը, Քաղաքային ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Աշոտ Միրզոյանը, Լիզ Թյունիկը Սմիթսոնյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների գրասենյակից և տնօրենի պաշտոնակատար դոկտոր Ռիչարդ Կուրինը։

Ուղեցույցում այժմ ներառված են Կումայրի պատմական թաղամասի 12 հիշարժան կառույցները։ Նշվում է, որ այդ շարքը պարբերաբար թարմացվելու և լրացվելու է նորերով՝ լավագույնս ներկայացնելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի պատմական և ճարտարապետական հարուստ ժառանգությունը։

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքը կարելի է ներբեռնել անվճար։ Այն հասանելի է յոթ լեզուներով՝ սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]