Այս տարի արձանագրվել է ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում. Քերոբյան
2 րոպեի ընթերցում
![Այս տարի արձանագրվել է ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում. Քերոբյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070916.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 8 միլիարդ դրամ կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին միջոցառման համար հատկացնում են 2 միլիարդ 146 միլիոն դրամ։
Այս ծրագրով 1 052 ընկերության օգնել են ստանալ 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, որոնք ուղղված են եղել հումքի, սարքավորումների ձեռքբերմանը։ Վահան Քերոբյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս ծրագիրը կօգնի ամբողջությամբ իրականացնել իրենց նախանշած տնտեսական աճը:
Ըստ նախարարի` ֆինանսական միջոցներ կտրամադրվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի։ Ծրագրով այս տարվա ընթացքում գյուղացիներին 456 գյուղատնտեսական տեխնիկայով են ապահովել, որի համար հատկացվել է 2.7 մլրդ դրամի ֆինանսավորում։
«Հետաքրքիր է ագրոպարենային ոլորտի սարքավորումների, ֆինանսական լիզինգի ծրագիրը։ Այստեղ այս տարվա ընթացքում կարողացել ենք ներարկել 8.6 մլրդ դրամ, և 160 շահառու եղել է այս ծրագրի մասնակից»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ 22 756 ֆերմերային տնտեսություն ստացել է 45 միլիարդ դրամի գյուղատնտեսական արտոնյալ վարկ, որոնք օգտագործել են գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար։
«Ֆինանսավորել ենք մոտ 700 հա ինտենսիվ այգի և նոր, ավելի բարձր արտադրողականությամբ խաղողի այգիներ: Գյուղատնտեսության համար բարդ տարի ենք ունեցել, և սակավաջրությունը խանգարել է, որ լավ արդյունքներ արձանագրենք: Բայց այս տարի ունենք ռեկորդային թվով առաջնային գյուղմթերքի արտահանում՝ 200 հազար տոննան գերազանցել ենք։ Այս տարվա մեր ինտենսիվ այգիների զարգացումները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկայում ևս լավ արդյունքներ կարձանագրենք»,- եզրափակեց Քերոբյանը: