Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից. ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և 
գործողություններից. ԱԳՆ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որի համաձայն, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկվող զինված սադրանքները կրում են ամենօրյա բնույթ:

«Դեկտեմբերի 10-ին նման մի սադրանքի հետևանքով զոհվել է Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Վահե Վաղարշակի Մանասերյանը, ևս ութ զինծառայողներ վիրավորվել են:

Խորին ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին, շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված զինծառայողներին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և արձանագրում, որ դրանք կրում են պլանավորված բնույթ և տարածաշրջանում իրադրությունը շարունակաբար սրելու նպատակ ունեն:

Այս արձանագրումը հենվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանը շարունակաբար զարգացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անհեթեթ հռետորաբանությունը, ինչը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին, նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատելով, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ս.թ. մայիսից ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք, ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, որ է դեկտեմբերի 10-ի միջադեպը տեղի է ունեցել օկուպացված այդպիսի հատվածներից մեկում:

«Մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի Հանրապետության առաջարկին, որը նոյեմբերի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել նաև գրավոր:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է վերը շարադրված փաստերի, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն և հավելում, որ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, չխոչընդոտել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ իրավիճակի հետագա սրումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկանյքով միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am