Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Իմ տոհմածառի նախարմատը Մուշի հողի յոթ շերտի խորքում է…»

«Իմ տոհմածառի նախարմատը Մուշի հողի յոթ շերտի խորքում է…»

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիտեմ՝ մշեցի է, Ցրոնքից են, իր ցավի եւ արյան հիշողության մասին է իր գիրը, մեր նորօրյա հայ Գոգոլն է: Ի՜նչ բնական հոտառություն ունի Հովհաննեսը, տեղանքի նկարագրությունը, հոգեբանական անցումները, վերջալույսվող տատի, էրգրի, մոր հիշողության նշույլքի պայծառացումները արվեստով են արված: Ի՜նչ անուշ կգրե, անճիգ ու ազատ, համեմելով իր պատումները բանաստեղծական քնարականությամբ, կյանքը տեսնելու եւ վերարտադրելու շնչավոր, կենդանի պատմելաձեւով: Իմ ուզած արձակը հենց էդ է, ուր կա պատմահայր Խորենացու եւ «Սասնա ծռեր» էպոսի անթառամելի հյութեղենությունը:

Հրաշալի, պատկերավոր է ասված՝ միտքը արծվի թեւի պես խիտ է ու սլացիկ, ապրի Հովհաննեսը, մեր արձակի ծաղկունքներեն է քամված նրա թանաքը, մեծ տաղանդ է, այն էլ ճշմարիտ, ազատված ու մաքրված բոլոր ավելորդ թնջուկներից ու իզմերից: Մեր հայահամ Բակունցն է, ըսես նախախնամության կամքով, էնոր չգրածները թողնվել են Հովհաննեսին, որ ինքը շարունակե մի նոր գույնով ու բույրով, նոր համեմունքներով: Բեղուն է, մեղվածոց է գրիչը….»:

Հովհաննես ՇԻՐԱԶ

Տողերիս հեղինակին բախտ չէր վիճակված լինել նրա սերնդակիցը, սակայն բարեբախտություն էր իր եղերական մահվանից ընդամենը մի քանի տարի առաջ մի հարցազրույցի առիթով անձնապես ծանոթանալ տաղանդավոր արձակագրի հետ, այնուհետեւ նաեւ մտերմանալ ու իր ընծայագրով նվեր ստանալ իր նորատիպ «Ոճիրի բուրգեր» փաստագրական ստվարածավալ հատորյակը, գրախոսել այն: Ապշեցնող ու առանձնացող մի  գիրք՝ Հայոց մեծ եղեռնի, այն կազմակերպած հրեշների զարհուրելի հրամանագրերով, հանրահայտ ու գաղտնի հրահանգներով, սահմռկեցուցիչ իրողությունների նկարագրություններով: Հետո, ինչպես ոգեւորված տեղեկացրեց հեղինակը՝ այդ գրախոսականից խորապես տպավորված այն օրերի ԱԺ նախագահը հրավիրել էր Հովհաննես Մելքոնյանին՝ գիրքն անգլերեն թարգմանելու նպատակով: Անկեղծորեն, այդպես էլ չիմացվեց՝ վերեւներում արդյոք արեցի՞ն ազգանվեր այդ գործը, թե՞ դա էլ դասվեց լոկ խոստումների շարքին:

Ինչեւէ, այդուհետ գրապահարանս հարստացավ նրա հերթական՝ «Մերժված օրենսդիրը»՝ Պարույր Սեւակին նվիրված նախադեպը չունեցող գրքով: Նախաբան խոսքում շեշտում էր, որ «առաջին անգամ կկարդաք բաներ, որոնց մասին չի գրել ոչ ոք ու չի էլ գրելու»: Հիրավի այդպես էր, ասվածը կհաստատեն նաեւ այս գիրքն ընթերցած մարդիկ…Ավելին՝ այդ գրքի նաեւ երկրորդ մասն էր գրելու…

«Իմ տոհմածառի նախարմատը Մուշի հողի յոթ շերտի խորքում է,- գրել է հայրենաշունչ մտավորականը:- Ճյուղերը Մուշի արեւի ոսկով են օծված եւ Մուշի լուսնի արծաթով: Տերեւները Մուշի հովերից են շրշում…1915 թվականի սեւ հողմը տոհմածառի մեր ճյուղը կտրեց, նետեց Շիրակի դաշտ՝ Գյումրի քաղաք, որտեղ ծնվել, ապրել, մեծացել եմ ես: Տոհմածառի իմ շյուղը. Պապս՝ Զոհրաբ Մշեցյան, տատս՝ Օսան Թադեւոսյան, հայրս՝ Ռուբեն Մելքոնյան, մայրս՝ Արփենիկ Խաչատրյան-Մելքոնյան…»:

Մարդակուլ ժամանակներում՝ 1937-ին է ծնվել իր արմատները շան երախում՝ էրգրում թողած Հովհաննես Մելքոնյանը, ավարտել է մայր բուհի բանասիրական ֆակուլտետն ու տասնամյակներ շարունակ պաշտոններ զբաղեցրել հեղինակավոր թերթերի, ամսագրերի խմբագրություններում՝ «Ավանգարդ», «Գրքերի աշխարհ», «Գրական թերթ», «Գարուն» ամսագիր, «Սովետական գրող» հրատարակչություն, հեռուստատեսություն: Բազմազբաղ առօրյա, ինչը, սակայն, չէր խանգարելու գեղարվեստական բարձր ու ընդգրկուն թեմատիկայով գրականությամբ մուտք գործելու հայ նորագույն արձակ: «Հեռավոր հողի ձայնը», «Հարցաքննություն», «Մոր ձայնը» վիպակների եւ պատմվածքների ժողովածուները իրենց վրա էին սեւեռելու եւ՛ ընթերցողների, եւ՛ գրականագիտության անթաքույց ուշադրությունը: Իսկ «Հայր Տոնապետի մենախոսությունը» եւ «Հրաժարական» պիեսները ներկայացվելու էին հայկական տարբեր բեմերում, նկարահանվելու էր «Խոնարհվիր գալիք օրվան» կինոնկարը:

Տաղանդավոր գրողը քաջատեղյակ էր ժամանակի հայ եւ օտարազգի մեծագույն գրողների ստեղծագործություններին: Արձակի մասին խոսելիս անբեկանելի իր մոտեցումն ուներ. «Երբ նոր էի սկսել գրել, ինձ հրապուրում էր շլշլուն-բոցեղեն վառվռտուք արձակը, իսկ այժմ ուզում եմ բոլոր նոր գրածներիս մեջ երեւա հանդարտ, պատմողական նյութը, իր փայլփլուն-պեծպեծանքը հանգցնում եմ, ինչպես կրակն են հանգցնում հողով, բուռ-բուռ հող եմ գցում այդ պարբերությունների, էջերի վրա, որտեղ կա ցուցադրանքը, արհեստական ինքնատիպություն խաղալը, որն էլ հետագայում վերածվում է մոխրի ու մոռացման՝ շուտանցուկի…»:

Այս սկզբունքայնությամբ արարված էին լույսաշխարհ գալու գրողի «Քարավաններ», «Հեծանիվ», «46 թվական», «Հիշողության դաշտ», «Ոճիրի բուրգեր», «Մոռացված օրենսդիրը» եւ այլ գրքեր: Բնավ պատահական չէին սակավախոս ու գնահատանքի իրենց խոսքում խիստ ժլատ ժամանակակից գրչակիցների բնութագրումները: Ահա մեծն Հրանտ Մաթեւոսյանը. «Տաղանդավոր մարդ է Հովհաննես Մելքոնյանը եւ նրանից միշտ պիտի լավ բան սպասել: Ասենք կարող է իր գրած չորս գործերից երեքը շատ լավ լինի: Վեպի շունչ ունի, վիպայնություն կա Հովհաննես Մելքոնյանի անվերապահ տաղանդի մեջ…»:

Անառարկելի է, որ այդ տաղանդով երկնած վիպաշունչ գրքերից շատերը իրենց ուրույն տեղն են ունենալու հայ շքեղ գրականության անդաստանում՝ հեռու մնալով շուտանցուկների ճակատագրից…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am