Հասարակական

Ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ. ԱԻ նախարար 

3 րոպեի ընթերցում

Ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ. ԱԻ նախարար 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը Երևանում կազմակերպել է գիտագործնական կոնֆերանս՝ «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ քննարկումներից բացի նախատեսվում են երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված միջազգային վարժանքներ:

Կոնֆերանսում ելույթ ունեցավ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նշելով, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը երևան բերեց բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ: Շեշտեց՝ Հայաստանում շենքերի սեյսմիկ կայունությունը շարունակում է արդիական խնդիր մնալ։

Նախարարի խոսքով՝ մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են բնակչության տարհանման վարժանքներ:

«Մենք 33 տարվա վաղեմության ծանր հիշողություններ ունենք։ Այսօր աշխարհի հետ կիսում ենք մեր փորձը և վերցնում համաշխարհային փորձը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանում և սփյուռքում տեղի են ունենում երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ»,- նշեց նախարարը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը նշեց, որ Սպիտակի երկրաշարժից տարիներ անց երկրաշարժերի կանխարգելման, մոնիթորինգի ու հետևանքների գնահատման աշխատանքները թույլ են տվել զգալի փորձ կուտակել, ինչը պահանջված է և օգտակար է իմանալ։

«Սպիտակի երկրաշարժը ստիպեց բոլորին մտածել և ուշադրություն դարձնել նմանատիպ աղետներին։ Այն առիթ դարձավ ստեղծելու անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որոնք թույլ է տալիս ավելի քիչ կորուստեր ունենալ և խուսափել նման աղետներից»,- ընդգծեց Գրեչուշկինը։

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարն ավելացրեց, որ նախատեսվում է նաև Ռուսաստանի և Հայաստանի ԱԻՆ մասնագետների համատեղ աշխատանքը շենքերի ու կառույցների սեյսմակայունության գնահատման «Ստրունա» շարժական համալիրի հետ:

Քննարկումներից հետո նախատեսվում են նաև երկրաշարժի հետևանքների վերացման միջազգային ցուցադրական վարժանքներ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, Ռուս-սերբական մարդասիրական կենտրոնի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Իրանից ժամանած փրկարարների ուժերով և միջոցներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում