Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Նոր գիրք»-38/21.  Էդոյան, Ֆերանտե, Տվեն, Քլիըր  

«Նոր գիրք»-38/21.  Էդոյան, Ֆերանտե, Տվեն, Քլիըր

 

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրական նորությունները: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ հեղինակ
Հենրիկ Էդոյան, Հարյուր սոնետ

                                   

Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նա­խորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրա­դար­ձում­ներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սո­նետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն ան­ընդ­հատ վե­րա­դառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սի­րե­լի այս տե­սա­կին, հարստացնում այն բովանդակային նոր գծե­րով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դա­սա­կա­նի ու ժա­մա­նա­կակցի ներդաշնակությունն ու բա­նա­ստեղ­ծա­կան հայե­րե­նի հարստությունը:

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։

 

 

Թարգմանական գրականություն
Էլենա Ֆերանտե, «Նոր ազգանվան պատմությունը»

                    

Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին է ներկայացրել անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:

«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:

Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Թարգմանիչ՝ Ջեննի Ֆիլյան։

Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։

 

Մանկապատանեկան գրականություն
Մարկ Տվեն, «Հեքլբերի Ֆիննի արկածները»

                 

Վեպը «Թոմ Սոյերի արկածների» շարունակությունն է: Հեքլբերի Ֆիննը հեռանում է դաժան ու հարբեցող հորից. նրան ուղեկցում է ստրկությունից փախած սևամորթ Ջիմը: Երկուսով լաստով լողում են Միսիսիպիի հոսանքով, որի ընթացքում հանդիպում են բազմաթիվ արկածների: Վեպի վերջնամասում իր տարօրինակ մտահղացումներով հանդես է գալիս Թոմ Սոյերը: Վեպը պատանիներին սովորեցնում է հարգել մարդուն ու նրա արժանապատվությունը՝ անկախ նրա մաշկի գույնից:

Թարգմանությունն անգլերենից՝ Սարգիս Ալեմյանի։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

 

Փաստավավերագրական գրականություն
Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»

                           

«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Թարգմանությունը՝ Թամարա Սիմոնյանի։

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

 

«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]