Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Լինել մարդ՝ նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը

Լինել մարդ՝ նշանակում է զգալ սեփական պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն մարդ իր աստղն ունի՝ գրում է Անտուան դը Սենտ Էքզյուպերին: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են, իսկ գիտնականների համար խնդիրներ, որ պետք է լուծվեն: Գործարար մարդու համար ոսկի են, իսկ մյուս բոլոր մարդկանց համար համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը...

Էքզյուպերին քսաներորդ դարի ամենախոշոր գրողներից մեկն էր, սակայն երբեք չապրեց զուտ գրողի կյանքով: Նա օդաչուի իր սիրած գործը չթողեց նույնիսկ այն ժամանակ, երբ նրա հռչակը տարածվել էր ամբողջ աշխարհով մեկ: Այս «Աղոթքը» Էքզյուպերին իր կյանքի դժվար պահերից մեկի ժամանակ գրի է առել իր օրագրում. «Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց: Սիրել՝ նշանակում է նայել միեւնույն ուղղությամբ»:

Այն կրոնական աղոթք չէ իր ձեւով ու տեսքով, սակայն ողջ խորությամբ ներկայացնում է մարդկային կյանքի ամենակարեւոր հարցերը եւ հուշում է մեզ բոլորիս, թե որքան կարեւոր է կյանքի ընթացքում սովորել տիրապետել փոքրիկ քայլերի արվեստին: «Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ եւ տեսիլքներ,- գրում է գրողը,- ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Դարձրու ինձ հետեւողական եւ պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգ առնեմ բացահայտումների եւ փորձի ճամփաբաժանին: Խնդրում եմ քեզնից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը խելամտորեն»։

1944 թ. հուլիսի 31-ին Անտուան դը Սենտ-Էքզյուպերին մեկնել է իր հերթական հետախուզական թռիչքին եւ այլեւս չի վերադարձել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ծառայությունը՝ որպես հետախույզ-օդաչու, ընդհանրապես հակասում էր առողջ բանականությանը։ Սենտ-Էքզյուպերին դժվարությամբ էր ծանրաքաշ, բազմաթիվ պատահարներից կոտրատված մարմինը տեղավորել ինքնաթիռի խցիկում։ Երկրի վրա նա տառապում էր ալժիրյան 40 աստիճան տապից, իսկ երկնքում՝ 10 կմ բարձրության վրա, վատ աճակցված ոսկրերի ցավից։ Սակայն նա ուժերի ներածին չափով մոտեցրել է նացիզմի նկատմամբ հաղթանակը։ 1944 թ. հուլիսի վերջին օրն Էքզյուպերին կարծես ձուլվել է ֆրանսիական Ռիվիերայի լազուր երկնքին։ Գերմանական ինքնաթիռի օդաչուն, որը պարեկություն էր իրականացնում այդ տարածքում, զեկուցել է անզեն «Lockheed P-38 Lightning» խոցելու մասին (այդպիսի ինքնաթիռով էր թռչում Սենտ-Էքզյուպերին)։ Խոցված ինքնաթիռը, իբր թե, ծխացել եւ ընկել է ծովը։ Չնայած Լյուֆտվաֆեն գերմանացի օդաչուի հաղթանակը չի ճանաչել. մարտավկաներ չեն գտնվել, իսկ խոցված ինքնաթիռի բեկորներ այդպես էլ չեն հայտնաբերվել։ Այդ պատճառով Ֆրանսիայի երկնքում անհետացած գրող-օդաչուի մասին գեղեցիկ լեգենդը, ում արաբները կոչել են «Թռչունների կապիտան», շարունակում է ապրել առ այսօր՝ նույնիսկ այն բանից հետո, երբ 2003 թ. Մարսելի մոտակայքում հայտնաբերվել եւ ծովի հատակից դուրս են բերվել ինքնաթիռի բեկորները, որով իր վերջին ճամփորդությանն է մեկնել «Փոքրիկ իշխանի» հեղինակը։ «Խնդրում եմ քեզանից չափավորություն եւ զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ եւ չսողամ...»,- գրում է հեղինակը, որովհետեւ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, եւ ո՛չ էլ ապագայի մասին երազանքները:

«Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ։ Վիպակի գեղարվեստական արժեքներից են կերպարների այլաբանությունը, նուրբ հումորը։ Վիպակում շեշտված են մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ եւ մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին նշում է՝ դաստիարակությունն առաջնություն ունի կրթության նկատմամբ։ Մարդուն ստեղծում է դաստիարակությունը։ Մարդուն սիրել սովորեցնելու համար պետք է նրան աղոթել սովորեցնել։ Դժվարությունները, ձախողումները, պարտությունները եւ անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում, եւ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ: Թե՛ կյանքում, թե՛ իր ստեղծագործություններում մարդկային վեհ արժանիքները, բարոյականությունը, ազնվությունն է կարեւորել գրողը եւ դրանք վեր դասել քաղաքական, գաղափարական զանազան ծրագրերից։ Լինել մարդ՝ նշանակում է զգալ իր պատասխանատվությունը։

«Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի եւ անկյունում դրված նրա ձեռնափայտի առջեւ ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը»,- գրում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին։

Կյանքի վերջին տարիների հոդվածներում եւ «Միջնաբերդ» անավարտ գրքում անդրադարձել է Ֆրանսիայի եւ ողջ աշխարհի պատերազմական կյանքին ու ժամանակակից քաղաքակրթության անկման հեռանկարին։

                                                                                       Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]