«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում Հայաստանը կներկայանա «Քամի, քամի» երգով
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթի հայաստանյան պատվիրակը հանդես կգա «Քամի, քամի» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի երգի տեսահոլովակը հրապարակվել է մրցույթի յութուբյան պաշտոնական էջում։
Երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 19 երկիր, կանցկացվի դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Մրցույթը կհեռարձակվի ժամը 19:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում։
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան:
Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում