Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերը

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ 
ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Մենք կխոսենք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ լուծելու տարածաշրջանային հակամարտությունները, ինչպիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ջանքերը՝ հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագրի հաստատման համար»,- ասել է Լինդեն՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսաստանյան կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:

Սյունիքում ծավալված վերջին մարտերի հետևանքով հայկական կողմից հաստատվել է 6 զոհի մասին տեղեկատվությունը: Հայկական կողմն ունի 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայողներ, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 զրահափոխադրիչ (БТР), 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am