Նախարարը վստահեցնում է՝ Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՝ բերելով օրինակներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՞:
«Այո: Հավանաբար կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրում կատարելու մասին, որը հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել: Բացի այդ, այլ բազմաթիվ թեմաներ կան, օրինակ զբոսաշրջային: Մեղրիում ունենք բավական լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են և շարունակում են անել: Նա հիշեցրեց, որ Կապանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնվել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերության կողմից: Ըստ Քերոբյանի՝ դա ևս ցույց է տալիս, որ այդ շրջանում խոշոր ներդրումներ տեղի են ունենում: