Ռուս գործարարները հետաքրքրված են հայկական շուկայով. նոր համագործակցությամբ նախատեսվում է 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» և Սանկտ Պետերբուրգում գործող «Գործարար կանանց ասոցիացիա»-ի համագործակցության շրջանակում մի շարք ոլորտներում սպասվում է 500 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի» նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց, որ դրանք վերաբերում են կրթական, անշարժ գույքի, զբոսաշրջային ոլորտներին:
«Մեր կառույցը տրամադրել է անհրաժեշտ տվյալներ այն մասին, թե որ ոլորտներում ներդրումային ինչ հնարավորություններ կան: Ասեմ, որ շեշտը դրվելու է մարզային զարգացման ծրագրերի վրա: Արդեն կոնկրետ գաղափարներ կան, մասնավորապես, Գյումրիում զբոսաշրջության ոլորտում ծրագրեր իրականացնելու համար»,-ասաց Մարիամ Մանուկյանը:
Անապայի Առևտրաարդյունաբերական պալատի կանանց ձեռներեցության կոմիտեի նախագահ Նվարդ Ղուկասյանը, ով ներկայացնում է Սանկտ Պետերբուրգում գործող «Գործարար կանանց ասոցիացիա»-ն, Հայաստանում է վերլուծելու ներդրումային հնարավորությունները:
«Ասոցիացիան բավական խոշոր է, այն գործարարներին համախմբող հզոր հարթակ է: Այսօր Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով ասոցիացիան լուրջ հետաքրքրված է: Ես այստեղ եմ ներդրումային հնարավորությունները գույքագրելու ու գործընկերներիս ներկայացնելու: Առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ, ավելի վաղ ևս եղել եմ ուսումնասիրել տարբեր ոլորտներ: Ասեմ, որ մեզ հետաքրքրում է զբոսաշրջության, ծառայությունների ոլորտը, անշարժ գույքի շուկան, շինարարությունը, կրթությունը»,-ասաց Նվարդ Ղուկասյանը:
Նվարդ Ղուկասյանը նշեց, որ Հայաստանը ռուս գործարարների համար ներդրումային լավ հարթակ է: Ինքն իր օրինակով է դա ցույց տալիս ռուս գործընկերներին: Հենց Գյումրիում նախատեսում է կյանքի կոչել էկոտուրիզմի խոշոր նախագիծ: Նվարդ Ղուկասյանը նկատեց, որ ամեն տարի ՌԴ-ից մեծաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, ինչը զբոսաշրջության ոլորտում ներդրումներ անող ռուս գործարարների համար կարևոր է:
Հաջորդ տարեսկզբին նախատեսվում է անցկացնել ռուս գործարարների այց Հայաստան, մայիսին էլ կկայանա գործարար համաժողով:
Հայաստանում կրթական նախաձեռնությունների շրջանակում, նախատեսվում է բացել ձեռներեցների դպրոց, որը կլինի անվճար: Ինչի՞ց սկսել, ինչպե՞ս առաջ տանել բիզնեսը, ի՞նչ իրավական հարցերի վրա ուշադրություն դարձնել, այս և այլ հարցերը սկսնակ գործարարներին կներկայացնեն ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով:
«Դպրոցը նաև ունենալու է օնլայն հարթակ, անհրաժեշտության դեպքում հեռավոր մարզերից ցանկացողները կարող են միանալ: Փորձառու ռուս մասնագետները, որոնք անցել են բիզնեսի լուրջ ճանապարհ, պատրաստ են օգնել սկսնակներին»,-ասաց Մարիամ Մանուկյանն՝ ավելացնելով, որ նախատեսում են դասընթացները մեկնարկել հաջորդ տարվա փետրվարին: