Տնտեսություն

Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

2 րոպեի ընթերցում

Հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի կհասցվի. էականորեն կկրճատվեն հարկային վարչարարության ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 11-ի նիստի ընթացքում Կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել:

«Դա էականորեն կրճատում է նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորում պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կառավարությունից:

Բացի այդ, նախատեսվում է բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը։

Օրինագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսել դրույթ, որի հիման վրա հարկային մարմնում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող սուբյեկտները կհանվեն հաշվառումից:

Նախագծով առաջարկվում է օրենսգրքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան հաշվառումից հանելու հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները: Հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախագծով առաջարկվում է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Թեմատիկ ուսումնասիրության» տեսակը, որի շրջանակում հարկային մարմինը կլիազորվի բացառապես վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքների հիման վրա առաջացած կոնկրետ ռիսկերի գծով հարկային հաշվարկները չներկայացրած կամ դրանք չճշտած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն և դրա արդյունքում առաջադրել համապատասխան հարկային պարտավորություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում