Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող

ՌԴ դեսպանի խոսքով՝ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու մասին խոսք 
անգամ լինել չի կարող

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով ուղիղ մեկ տարի առաջ պատերազմական գործողությունների դադարեցման մասին ընդունված հայտարարության դրույթների կատարման վերաբերյալ:

«Իհարկե, կան խնդիրներ, լինում են նաև ողբերգական միջադեպեր: Այդ ամենը շատ բարդ է: Բայց այն կոնֆլիկտային ներուժի, էմոցիոնալ լարվածության ֆոնին, որը կուտակվում էր տասնամյակներ շարունակ, այն ողբերգության ֆոնին, որը եղավ մեկ տարի առաջ, ես կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ գործում են և շատ կարևոր դեր են խաղում արյունահեղությունը կանխելու, բնակչության անվտանգությունը ապահովելու և իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու առումներով», - լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակություն 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարության մասին, որը գլխավորապես վերաբերում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը և այդ նպատակով փոխվարչապետերի աշխատանքային խումբ ստեղծելուն:

«Դա, իհարկե, հեշտ աշխատանք չէ: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այդ ամբողջ աշխատանքը կառուցվում է յուրաքանչյուր կողմի շահերի վրա հիմնված երկխոսության հիման վրա, այսինքն՝ ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան է պարտադրվում, այլ փորձ է արվում գտնել շահերի ու հետաքրքրությունների հավասարակշռություն, փոխշահավետ, փոխզիջումային տարբերակներ, որոնք ընդունելի կլինեն ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար, այդ իսկ պատճառով գործընթացն այդքան արագ առաջ չի գնում: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքը միտված է շփման ընդհանուր եզրեր գտնելուն, այսինքն՝ խոսք անգամ լինել չի կարող հայ ժողովրդի թիկունքում գործարքներ անելու, շահերը հանձնելու, դավաճանության մասին՝ ինչպես այստեղ են երբեմն վախենում: Ռուսաստանն էլ իր հերթին շատ կոկիկ է աշխատում՝ ամբողջությամբ հարգելով թե՛ այս և թե՛ այն կողմի ինքնիշխանությունը: Մեր խնդիրն է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու նպատակով», - ասել է դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]