Հասարակական

Արևշատում  բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի խաչքար

3 րոպեի ընթերցում

Արևշատում  բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի խաչքար

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արևշատ համայնքում հոկտեմբերի 30-ին բացվեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշաքար-խաչքար, որի բացման պատիվը տրվեց պատերազմում զոհված տղաների ծնողներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաչքարն օծվեց ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանի։ «Այս օրերին լրանում է մեր զոհերի ու նահատակների տարելիցը, և ահա մեր զգացմունքերն աղոթք դարձած արտահայտվում ենք խաչերի ու խաչքարերի տեղադրությամբ և օրհնությամբ, որոնք մեր քրիստոնեկան պատմության մեջ խորհրդանշել են դժվարություն ու պայքար, վերածնունդ ու հաղթանակ»,-իր խոսքում նշեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահը:

Պատերազմի օրերին գյուղից շատերը կամավորագրվեցին, նրանցից 4-ը վիրավորվեցին, ավագ լեյտենանտ Ռաֆիկ Հովսեփյանը անհետ կորած է, իսկ երկուսը ընկան կռվում՝ իրենց անունը փառքով գրելով հերոսամարտերի հուշամատյանում:

Ժամկետային զինծառայող Պավել Սահակյանը՝ ծնված 2000 թվականին, շատ երազանքներ ու ծրագրեր ուներ: Ծառայել է Մեղրիում, պատերազմի օրերին տեղափոխվել է Ջրական ու այնտեղ էլ զինակից 18 ընկերների հետ զոհվել՝ ԱԹՍ-ի հարվածից: «Կենսուրախ էր ու բոլորին օգնելու պատրաստ: Ես հպարտ եմ, որ ինձ հիմա ճանաչում են որպես Պավելի քույր: Ճիշտ է, ցավս խորն է, բայց հպարտությունս էլ է շատ մեծ»,- ասում է Պավել Սահակյանի քույրը՝ Ալինա Սահակյանը՝ նշելով, որ հուշաքարի բացումը համընկավ եղբոր ծննդյան օրվա հետ:

1997 թվականին ծնված Պողոս Մելիքյանը որպես կամավոր էր մեկնել պատերազմ: Չնայած ավագ եղբայրը ծառայության ընթացքում զինհաշմանդամ էր դարձել, Պողոսը, չլսելով մորը, անմիջապես կամավորագրվեց: ԼՂ տարբեր բնակավայրերում է եղել, վերջում իր մահկանացուն է կնքել Շուշիում: «Պողոսս կամավոր էր, բուժակ: Երազանքները շատ էին, բայց հայրենիքն առաջնային էր: Վերջին անգամ զանգեց՝ ասաց՝ մա՛ ջան, առյուծ որդի ունես՝ 10 զինվորի կյանք եմ փրկել՝ շրջափակումից հանել, ասի՝ որդի՛ս, կյանքդ վտանգի մի՛ ենթարկի: Ուզում էր ռազմաբժիշկ դառնար: Իմ Պողոսս անմահացավ նոյեմբերի 8-ին»,- ասում է մայրը՝ Մարինե Մելիքյանը՝ նշելով, որ հուշաքարը սերունդների համար իր որդուն հիշելու լավագույն ձևն է:

Գյուղում արցախյան պատերազմի հերոսների խաչքար ունենալու նախաձեռնությունը գործարար Գոռ Սարգսյանինն է: «Որոշումս նոյեմբերի 9-ից հետո ծնվեց: Ցավը խորն էր բոլորիս: Ես ուզեցի իմ ուժերով իմ ներդրումն ունենալ: Մինչ այս ինչ-որ բան թերի էր գյուղում, իսկ հիմա զինվորները բանակ այստեղից են մեկնում՝ մի կողմում Մեծ Հայրենականի զոհերի հուշակոթողը, մյուսում՝ Արցախյան»,- նշեց Գոռ Սարգսյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում