Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Թվայնացման օրակարգ, էկոհամակարգեր. «Ամերիաբանկի» հարթակները նոր հեռանկարներ կբացեն հաճախորդների առաջ

Թվայնացման օրակարգ, էկոհամակարգեր. «Ամերիաբանկի» հարթակները նոր 
հեռանկարներ կբացեն հաճախորդների առաջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկը», որի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է, հաճախորդների հետ աշխատանքն առավել դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով մեծ դեր է հատկացրել թվային օրակարգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 28-ին «Ամերիաբանկի» ներկայացուցիչները  լրագրողներին ներկայացրին բանկի առաջնահերթությունները, նոր հարթակները, 2021 թվականի 3-րդ եռամսյակի ցուցանիշները:

«Մեր միջնաժամկետ ռազմավարության ներքո մենք մի քանի թիրախային նպատակներ ենք դրել մեր առաջ, որոնք են՝ առաջատար դիրքերի պահպանումը Հայաստանի բանկային շուկայում հիմնական ֆինանսական ցուցանիշներով, հաճախորդների բարձր որակի սպասարկման ապահովումն ու մշտապես բարելավումը և պորտֆելների դիվերսիֆիկացումը: Այդ նպատակներին հասնելու համար մենք որդեգրել ենք թվային տրանսֆորմացիայի գաղափարը»,-ասաց «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Խոսելով բանկի ֆինանսական ցուցանիշների մասին՝ նա նշեց, որ բանկը ինը ամսվա ցուցանիշներով առաջինն է գրեթե բոլոր ֆինանսական  հիմնական ցուցանիշներով, մասնավորապես՝ ակտիվներ  /1,079 մլրդ ՀՀ դրամ/, պարտավորություններ /955 մլրդ ՀՀ դրամ/, վարկային ներդրումներ /660 մլրդ ՀՀ դրամ/, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ /672 մլրդ ՀՀ դրամ/, զուտ շահույթ /14 մլրդ ՀՀ դրամ/ մասով: Կանոնադրական կապիտալի գծով  բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը /54 մլրդ ՀՀ դրամ/:

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով՝ «Ամերիաբանկը» Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5 տոկոսով:

Անդրադառնալով թվային լուծումներին՝ Արտակ Հանեսյանը շեշտեց, որ արդեն ունեն գործող «Սմարթ հաշիվ» ծառայությունը: Այն ամբողջությամբ առցանց բացվող  բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին տրամադրվում է անվճար քարտ՝ անվճար առաքումով և օնլայն բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ գործարկել են փոքր և միջին բիզնեսի վարկավորման էկոհամակարգը: Այն ամբողջությամբ թվային վարկավորման ծրագիր է, որը ևս հնարավորություն է տալիս հաճախորդին առանց փաստաթղթեր ներկայացնելու րոպեների ընթացքում դիմել և ստանալ վարկ մինչև 30 մլն դրամի սահմաններում:

«Ամերիաբանկը» ստեղծել է automarket.ameriabank.am միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար, որը հնարավորություն է  տալիս առանց բանկ այցելելու ընտրել մեքենան, հաշվարկել վարկի հնարավոր գումարն ու կարողությունը, առցանց դիմել բանկ, ստանալ նախնական հաստատումը, հաճախել համապատասխան ավտոմեքենայի դիլերի մոտ և տեղում ձևակերպել վարկն ու ստանալ մեքենան:

Արտակ Հանեսյանը կարևոր համարեց նաև էկոհամակարգի ներքո հաշիվների առցանց բացումը: Այն ՍՊԸ-ներին և անհատ ձեռներեցներին է վերաբերում: Նրանք ևս կկարողանան առանց բանկ այցելելու հեռահար հաշիվներ բացել:

«Ունենք նաև անշարժ գույքի էկոհամակարգ, որը հնարավորություն է տալիս ընտրել անշարժ գույքը,  հիփոթեքային վարկ ստանալու համար դիմել բանկ և հաստատումից հետո այցելել բանկ: Աշխատում ենք այն ուղղությամբ, որ մոտ ապագայում այս հարցում ևս բանկ այցելելու կարիք քիչ լինի և մնան միայն պետական գրանցման հետ կապված հարցերը»,-տեղեկացրեց բանկի գլխավոր տնօրենը:

«Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն էլ ընդգծեց, որ  հաճախորդների սպասարկման և մատուցվող ծառայությունների սպեկտորի թվայնացման նպատակը հաճախորդերին հնարավորություն տալ 24 ժամ 7 օր առցանց օգտվել բանկի ծառայություններից:

«Այս տարվա ընթացքում մոտ 10 հազար հաճախորդ առցանց հաշիվներ է բացել, ավելի քան 15 հազարը առցանց քարտ է ստացել, ավելի քան 17 հազար հաճախորդ ինտերնետ բանկինգում է գրանցվել: Համակարգերը ոչ միայն ներդրվել են, այլև պրակտիկ լայն կիրառում են գտել, իսկ բիզնես հարթակի դեպքում բիզնես վարկային պորտֆելն աճել է  ավելի քան տասը տոկոսով՝ կազմելով 40 մլրդ դրամ, որի 10 մլրդ դրամը նշված համակարգի միջոցով տրամադրված վարկերն են: Այսինքն՝ այս դեպքում էլ կա ռեալ կիրառություն: Ֆիզիկական անձանց սպառողական վարկերի դեպքում ևս այդպես է. այս տարվա ընթացքում առցանց 15 հազար վարկ ենք տրամադրել ու այս պահին ֆիզիկական անձանց սպառողական վարկերի քանակով 92 տոկոսը և արժեքով 71 տոկոսը տրամադրվել է առցանց թվային համակարգերով»,-հայտնեց Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ հիփոթեքային հարթակի դեպքում էլ այս պահի դրությամբ հարթակում ավելի քան 40 կառուցապատողի նախագծեր են ներառված: «Պրակտիկորեն Երևանում և մարզերում իրականացվող կառուցապատման նախագծերի գերակշիռ մասը հարթակում պատշաճ է ներկայացված, և հաճախորդները ոչ միայն ֆինանսական  ծառայություններ են ստանում, այլև հնարավորություն ունեն համեմատելու տարբեր կառուցապատողների առաջնային շուկայում առկա գույքերի վաճառքների առաջարկները և ընտրություն կատարել մեկ տեղում՝ շուկայի առաջարկի գերակշիռ մասն ունենալով: Տարվա ընթացքում ավելի քան 300 հայտ ենք ստացել և այս պահի դրությամբ  բանկի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը գերազանցում է 130 մլրդ դրամը»,-պատվեց Արման Բարսեղյանը:

«Ամերիաբանկի» Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց, որ մարդիկ ունեն տարբեր խնդիրներ լուծելու ցանկություն և դրա համար մի շարք քայլեր են անում: «Ըստ մեզ՝ ամեն քայլը, որը տանում է դեպի խնդրի լուծում, կարող են լինել թվային ծառայություններ, որոնք  կարող է տրամադրել բանկը կամ այլ կազմակերպություն»,-շեշտեց նա և հավելեց, որ դա բանկին հնարավորություն է տալիս ինտեգրվել մարդու առօրյա ոչ միայն բանկային, այլև մարդու գործունեության համար անհրաժեշտ այլ տարբեր ծառայություններով:

«Ամերիաբանկը» Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]