Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պատվաստման գործընթացը վարկաբեկելը հարցականի տակ է դնում մարդկանց կյանքը. մասնագետների դիտարկումները

Պատվաստման գործընթացը վարկաբեկելը հարցականի տակ է դնում մարդկանց կյանքը. 
մասնագետների դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսային տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը նշեց, որ նոր դեպքերի, մահացության ցուցանիշների աճող թվերը, խոսում են այն մասին, որ գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում, ինչը մտահոգիչ է:

«Նախորդ տարի պատերազմի ժամանակ, երբ հիվանդանոցները գերծանրաբեռնված էին վիրավորների առկայության պարագայում, կորոնավիրուսով հիվանդների համար տեղ չկար բուժհաստատություններում, և շատ էին տնային պայմաններում բուժում ստացողները: Այսօր հիվանդանոցները, առանց վիրավորների, նույն գերծանրաբեռնվածությունն ունեն: Մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման, սա արդեն ահազանգ է»:- Ասաց Արման Բադալյանը: Մասնագետի խոսքով, դելտա շտամն ագրեսիվ ձևով տարածվում է ու բավական կայուն է այսօրվա թերապևտիկ միջամտությունների նկատմամբ: Ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա մահացության ցուցանիշի նկատելի աճ կգրանցվի: 

ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի  Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի նոր ալիքն ունի իր առանձնահատկությունները. մահերի մեծ թիվ, հիվանդացության երիտասարդացում, հիվանդության բարդ ելքով դեպքերի աճ:

«Եթե մինչև մայիս հղիների խումբը չէր համարվում ռիսկային, ապա դելտա շտամի առավել ագրեսիվ տարածվածության պայմաններում հղիությունը նույնպես դարձավ ռիսկային:  Այսօր, ցավոք, ունենք հոսպիտալացված հղիների բավական մեծ թիվ: Հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակվելը բավական ռիսկային է վաղաժամ ծննդաբերության առումով, լինում է ներարգանդային վիճակում պտղի թոքաբորբ, որը նախկինում այդքան հաճախ չէր գրանցվում: Սա շարժառիթ է, որ հղիները մտածեն պատվաստման մասին»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:  

Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց զատ, տևական ժամանակ քաղաքացիները հետևանքների դեմ են պայքարում: Հետկորոնավիրուսային շրջանում հաճախ հանդիպող խնդիրներն են ոտքերի թուլությունը, աղեստամոքսային խանգարումները, նյարդաբանական խնդիրները: Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ այսօր խոսվում է, այսպես կոչված, երկարատև քովիդի («long covid») մասին, երբ ապաքինվելուց 3 ամիս անց պահպանվում են հին ախտանիշները և որոշ դեպքում ի հայտ են գալիս նորերը:

«Առավել հաճախ հանդիպող ախտանիշներից է հևոցը, որը բավական երկար պահպանվում է բուժառուների մոտ, մկանացավերը, հոդացավերը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ: Այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա, արդեն հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով: Սա միայն շնչուղիների վարակ չէ, այն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա»,- ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Մասնագետները հորդորում են անպայման պատվաստվել, այն այս պահին միակ եղած կանխարգելիչ, հակազդող միջոցն է: Ըստ Արման Բադալյանի՝ անընդունելի է պատվաստումային գործընթացը շահարկելը:

«Նեղ մասնագիտական խրթին հարցերը հանրության հետ քննարկելը ճիշտ չէ, դա ունենում է բացասական հետևանք: Եթե պատվաստումային գործընթացը վարկաբեկվում է, ապա լուրջ խնդիրներ են առաջանում: Սա շատ նուրբ հարց է, երբեք չպետք է քաղաքականացվի, վրեժխնդրության չվերածվի, որովհետև մարդկանց կյանքն է հարցականի տակ»,- ասաց Արման Բադալյանը:

Մասնագետները նշեցին, որ այն երկրներում, որոնք ունեն կորոնավիրուսի դեմ բավական մեծ պատվաստումային ծածկույթ, ինչպես օրինակ, եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Իսրայելը, իհարկե, կան նոր դեպքեր, սակայն բավական թերծանրաբեռնված են հիվանդանոցները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է պատվաստման արդյունավետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]