Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեղքեր և ձգտում դեպի լույսը. Մնջախաղի թատրոնի խաղացանկը համալրվել է «Դեպի ներս» մոնոներկայացմամբ

Մեղքեր և ձգտում դեպի լույսը. Մնջախաղի թատրոնի խաղացանկը համալրվել է «Դեպի 
ներս» մոնոներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնը թատերասերների դատին է հանձնել «Դեպի ներս» մոնոներկայացումը: Առաջիկա առաջնախաղերը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին և 24-ին Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման հերոսը կին է գայլի կերպարով: Գայլի ընտրությունը պայմանական է: Կին գայլը չգիտի՝ գայլի՞ց է մարդու վերածվել, թե՞ հակառակը. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է, թե արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են, մինչև իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Բայց պետք է գնալ «դեպի ներս», ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը և ապրել, ապրել ու ապրել:

Մտահաղացման հեղինակ, ներկայացման բեմադրիչ և դերակատար Նաիրա Եդիգարյանը խոստովանում է, որ գաղափարը բավականին երկար է թափառել իր մտքում: Դերասանուհուն անհանգստացրել է այն հարցը, թե մարդն ո՞ւր է գնում, ո՞րն է նրա ճանապարհը: «Այստեղ մարդու հոգին է, որը ձգտում է դեպի լույսը, բայց, ամեն անգամ լույսին հպվելիս, հետ է գնում, քանի որ դեռ ժամանակը չէ, և նա պետք ապաշխարհի: Մարդու մեղքերի մասին եմ խոսում. չնայած մեղքերին՝ մարդը, այնուամենայնիվ, ձգտում է դեպի լույսը, իսկ երկփեղկվածության պատճառը նրա ներսի ընդվզող կերպարներն են»,-պատմում է Եդիգարյանը:

Ըստ նրա՝ բեմադրությունը յուրաքանչյուրի կենսագրությունն է, որովհետև մարդը ձերբազատված չէ մեղքերից և կյանքի ընթացքում բազմաթիվ մեղքեր է գործում: «Կարող ենք ասել, որ «Դեպի ներսը» նաև ինքնակենսագրական գործ է»,-շեշտում է դերասանուհին:

Նաիրա Եդիգարյանը մնջախաղը ոչ միայն մարմնի, այլև հոգու փիլիսոփայական արվեստ է համարում, կարծում է՝ մնջախաղը կրթում է, հղկում է հոգին: «Թվում է թե այն լռության արվեստ է, բայց ինձ համար խորը փիլիսոփայություն է, որովհետև դու քեզ տարբեր իրավիճակներում ես դնում. օրինակ՝ մնջախաղի դերասանը վստահ կարող է ասել, որ երեկ ինքը ծառ էր, իսկ այսօր ծովի ափին հոգևարքի մեջ ընկած ձուկ է: Անընդհատ մարմինդ ու հոգիդ փորձարկումների մեջ են: Սկսում ես շատ վերլուծել ու մտածել, և միտքդ թելադրում է, թե մարմինդ ինչ պետք է անի»,-վստահեցնում է ռեժիսորը:

«Դեպի ներսը» Եդիգարյանի երկրորդ մոնոներկայացումն է: Մինչ այդ հանդիսատեսին է ներկայացրել «Անհայտ ժամանակների մարդը» բեմադրությունը: «Այն ինձ համար փորձ էր, իսկ այս դեպքում ես ավելի հավաքված եմ ու հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Իրականում միայնակ բեմում 45 րոպե թատերասերին պահելը դժվար է: Ամբողջ պատասխանատվությունը դու ես կրում: Չկան խաղընկերներ, որոնք կարող են աջակցել, օգնել քեզ»,-անկեղծանում է Եդիգարյանն ու ընդգծում, որ «Դեպի ներսը» լավատեսական գործ է, որովհետև հերոսուհին ի վերջո հասնում է լույսին:

«Մեծերից մեկն ասել է, որ յուրաքանչյուր մարդու ներսում պետք է դրախտ լինի, հակառակ դեպքում նա չի կարողանա այն  այլ տեղում գտնել: Կարծում եմ՝ ամեն մարդ լույսով է ծնվում և պետք պահի այն: Իմ կերպարը ևս գնում է առ Աստված՝ դեպի լույսը, քանի որ մարդու մեջ միշտ էլ կա մաքրվելու ձգտումը»,-եզրափակում է Նաիրա Եդիգարյանը:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am