Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Գիտնականները հուշարձանների չափագրում և ֆոտոգրամետրիա են իրականացրել Արցախում

Գիտնականները հուշարձանների չափագրում և ֆոտոգրամետրիա են իրականացրել 
Արցախում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  3D եռաչափ սկանավորման սարքավորումների կիրառմամբ Ճարտարապետության և շինարարության  Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ), «Թումո»-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցներն Արցախում 12 պատմամշակութային հուշարձանի չափագրում, ֆոտոգրամետրիա և սկանավորում են իրականացրել:  Նյութերը համալսարանը մշակել և փոխանցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը:

«Հուշարձանների ցանկը տրամադրել է նախարարությունը: Մասնագետներն աշխատել են ինչպես մեր վերահսկողության տակ, այնպես էլ մեր վերահսկողությունից դուրս գտնվող հուշարձաններում»,- շեշտեց ռեկտորն ու հավելեց, որ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն: 

Անդրադառնալով համալսարանում պատմամշակութային ժառանգության պահպանությանը նվիրված խնդիրների ուսումնասիրությանը՝ Վարդանյանն ընդգծեց, որ դրանք առանցքային դեր ու նշանակություն ունեն: «Այդ հարցերին վերաբերող առարկաները, թեմայի շուրջ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար անհրաժեշտ նյութերը ներառված են մեր բոլոր ուսումնական ծրագրերում: Պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համալսարանում իրականացվում է մեծ ծավալի գիտական աշխատանք: Կան բազմաթիվ հետազոտություններ, այդ թեմաներով պաշտպանվում են գիտական ատենախոսություններ, իրականացվում են նաև կիրառական նշանակության աշխատանքներ, այսինքն՝ համալսարանի դասախոսները ուսումնասիրում են, կատարում ամրակայման, վերականգնման նախագծեր տարբեր գերատեսչությունների պատվերով»,- պատմեց ՃՇՀԱՀ ռեկտորը:

Նա հիշեցրեց, որ Երերույքի տաճարի վերականգնման աշխատանքների նախագիծն ավարտվել է, և նմանատիպ աշխատանքներ դեռ իրականացվում են:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ռեկտորն ասաց, որ նախատեսում են համալսարանում ճարտարապետական հուշարձանների վերականգնման և պահպանության առանձին ամբիոն ստեղծել, առանձին ուսումնական ծրագիր: «Կարծում ենք՝ այն կարող է լինել UNESCO-ի հովանու ներքո: Ներկայումս իրականացվում են այս ծրագրի մշակման աշխատանքները, բանավոր որոշակի պայմանավորվածություններ կան: Հավանաբար, 2022-ից ամբիոնը կսկսի գործել, և ավելի համակարգված կիրականացվեն ուսումնական գործընթացն ու գիտական հետազոտությունները»,- եզրափակեց Եղիազար Վարդանյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]