Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Չեխիայի ԱԳ նախարարը երկրի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Չեխիայի ԱԳ նախարարը երկրի աջակցությունն է 
հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Չեխիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել, որ առկա է համագործակցության ընդլայնման չօգտագործված մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Յակուբ Կուհանեկի այցի արդյունքում այդ չօգտագործված ներուժից ևս մեկ բաժին կիրացվի: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Չեխիայի գործադիր մարմնին՝ Եվրոպական միության շրջանակում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համար:

Ըստ աղբյուրի՝ Յակուբ Կուհանեկը նշել է, որ Չեխիան ևս առանձնակի կարևորում է  Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում: Չեխիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իր պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաև չեխ գործարարներ, ինչը կնպաստի երկկողմ բիզնես կապերի խորացմանն ու համատեղ ներդրումային ծրագրերի քննարկմանը և իրականացմանը: 

«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Եվրոպական միության կողմից Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի կարևորությունը և վստահություն հայտնել, որ դրա շրջանակում նախատեսվող ծրագրերում ևս Հայաստանի ու Չեխիայի կառավարությունները կարող են սերտորեն համագործակցել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին ու դրանց կետերի իրականացմանը՝ նկատելով, որ ադրբեջանական կողմն ի հեճուկս ստանձնած պարտավորությունների՝ մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շեշտել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման անհրաժեշտությունը և հիշեցրել, որ հայկական կողմն այս խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ:

Վարչապետը հավելել է, որ հայկական կողմը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը և ողջունել Նյու Յորքում ՄԽ համանախագահության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը կարևորել է ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի իրացմամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ  Յակուբ Կուհանեկը Չեխիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և նշել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի ԱԳ նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի՝ Չեխիա այցելելու հրավերը: Նիկոլ Փաշինյանը սիրով ընդունել է հրավերը և իր ջերմ ողջյունները փոխանցել Անդրեյ Բաբիշին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am