Տնտեսություն

Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն

2 րոպեի ընթերցում

Մաքսային գործընթացներն ամբողջությամբ կթվայնացվեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով համագործակցություն է սկսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցում են ՀՀ ՊԵԿ-ից, ձևավորված աշխատանքային խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ներկայում գործող մաքսային գործընթացները, առկա խնդիրները, դիտարկել դրանք լուծելու վերաբերյալ ՊԵԿ տեսլականը և կատարել կարիքների գնահատում։

Խմբում ներգրավված միջազգային փորձագետի հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը հայտնել է, որ կոմիտեն շարժվում է մաքսային գործընթացների թվայնացման ճանապարհով։ Բոլոր նախագծերի ավարտին ակնկալվում է ունենալ ամբողջովին նոր մաքսային ծառայություն: Այսինքն, ապրանքը մաքսազերծելիս, տնտեսվարողը կամ նրա ներկայացուցիչն այլևս մաքսային ծառայողների հետ անմիջական շփում չեն ունենալու․ թղթաբանությանն ու մաքսատուն այցելություններին փոխարինելու են առցանց գործընթացները։

Նախատեսվում է, որ կարիքների և միջազգային փորձի վերլուծության հիման վրա ՎԶԵԲ գործընկերները կառաջարկեն մաքսային գործընթացների թվայնացման լավագույն մոդելը։

Նախագծի ավարտին կմշակվի բարեփոխումների ռազմավարությունը ֆինանսական հիմնավորումներով ամփոփող փաստաթուղթ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում