Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայկական ռոքի վառ ներկայացուցիչները համերգով կաջակցեն քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը

Հայկական ռոքի վառ ներկայացուցիչները համերգով կաջակցեն քաղցկեղ ունեցող 
երեխաների բուժմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Լավ, էլի», «The Beautified Project», «Նեմրա» սիրված ռոք խմբերը հանդես կգան համատեղ համերգային ծրագրով, որի ամբողջ հասույթն ուղղվելու է «City Of Smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժումն ապահովելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն, որի ընթացքում հնչելու են խմբերի լավագույն ստեղծագործություններից շատերը, տեղի կունենա սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին առաջիկա ծրագրի մանրամասները:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ շատ յուրահատուկ համերգ է սպասվում, քանի որ մեկ բեմում ելույթ կունենան սիրված խմբեր: «Նպատակը նույնպես բարձր է. հասույթը տրամադրվելու է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը: Անչափ շնորհակալ ենք «Լավ, էլի», «The Beautified Project», «Նեմրա» խմբերին, որ արձագանքեցին մեր խնդրանքին»,- ասաց նա:

Դեմիրճյանը հիշեցրեց, որ հիմնադրամի առաջնային խնդիրը երեխաներին բուժելն է, ինչը մեծ ծախսեր է ենթադրում: «Կարևոր է երեխաներին դեղորայքով ապահովելը: Եթե լինում են հավելյալ ռեսուրսներ, փորձում ենք նաև կառուցվածքային բարելավումներ անել: Դրանցից է մանկական պալիատիվ բաժանմունք բացելը: Այն կլինի Հայաստանում առաջինը, իսկ համերգի հասույթն ամբողջությամբ կուղղվի բուժմանը»,- ընդգծեց հիմնադրամի գործադիր տնօրենը:

«Լավ, էլի» ռոք խմբի հիմնադիր Մհեր Մանուկյանը վստահ է՝  բոլորս պարբերաբար կարիք ունենք ինքներս մեզ հիշեցնելու, որ ամեն ինչ շահի համար չէ, ամեն ինչ վազքի մեջ չէ: «Գնալով ավելի նյութական աշխարհում  մենք մեզ պետք է հիշեցնենք, որ կան կարևոր արժեքներ, կա մարդասիրություն, կա կարեկցանք, կա ձեռք մեկնելու պատրաստակամություն: Լավ բարեկամներ ենք «The Beautified Project», «Նեմրա» խմբերի հետ, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունենալն առանձին պատմություն է»,- ասաց երաժիշտն ու անդրադարձավ ծրագրին՝ շեշտելով, որ  կկատարեն և՛ հանդարտ երգեր, և՛ ակտիվ գործեր, որոնք ունկնդիրը շատ է սիրում:

«Նեմրա» խմբի մենակատար Վան Նեմրայի խոսքով՝ խումբը ստեղծման օրից   մասնակցել է բարեգործական նախաձեռնությունների: Այս անգամ ևս սիրով են համաձայնել միանալ ծրագրին և ուրախ են, որ բեմը կիսելու են «Լավ, էլի», «The Beautified Project» խմբերի հետ:

«Համերգն առանձնահատուկ է լինելու նաև ձևաչափի առումով: Ակուստիկ երեկո է սպասվում՝ առանց հարվածային գործիքների: Ակուստիկ ելույթներն առավել ընդգծում են երգերի մեղեդայնությունը, և բառերը ընկալելի են դառնում: Կլինեն հայերեն ու անգլերեն երգեր մեր երկու ալբոմից: Կարծում եմ, շատ գեղեցիկ մթնոլորտ կստեղծենք»,- եզրափակեց Վանը:

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը հիշեցրեց, որ խումբը պատրաստվում էր հոբելյանը նշել 2020 թվականին: «Հենց այդ ժամանակ սկսվեց համավարակը, հետո՝ պատերազմը, և մենք իրականում միավորվելու, երգելու շարժառիթ չունեինք, բայց երբ զանգահարեցին հիմնադրամից, վայրկյան անգամ չմտածեցինք ասել՝ այո, և ես շատ շնորհակալ եմ այս նախաձեռնության համար: Ուրախ եմ, որ միացել են «Լավ, էլի»-ն և «Նեմրան»-ն, որոնք շատ լավ ընկերներ են»,-շեշտեց Անդրե Սիմոնյանը:

Բացելով ելույթի փակագծերը՝ երաժիշտն ասաց, որ բարդ էր որոշել, թե որ երգերն է պետք հնչեցնել, քանի որ չորս ալբոմ ունեն: Քննարկումից հետո որոշել են կատարել սիրված անգլերեն, երկու կամ երեք հայերեն երգ:

Համերգը կազմակերպվել է «Imagine HUB by Soft» ընկերության  աջակցությամբ, որի տնօրեն Ինգա Վարդանյանը շեշտեց՝ սիրով են միացել գաղափարին և հույս ունեն, որ նման համերգները շարունակական բնույթ կունենան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]