Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոր ծրագրեր, նոր հենակետեր, դրոնների կիրառում․ ԱԻ նախարարը ներկայացրել է համակարգում կատարված աշխատանքները

Նոր ծրագրեր, նոր հենակետեր, դրոնների կիրառում․ ԱԻ նախարարը ներկայացրել է 
համակարգում կատարված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում շուրջ 10 ամսում նորարարություններ են մտցվել, բազմաթիվ հարցերի լուծումներ են տրվել, մարզերում հենակետեր են տեղադրվել, սակայն միևնույն ժամանակ կան գերակա խնդիրներ, որոնք դեռևս ուսումնասիրման և լուծման կարիք ունեն։

«Արմենպրես»-ը ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ զրուցել է հանրապետությունում բռնկվող հրդեհների, ավտոպարկի համալրման, նոր ծրագրերի, սահմանամերձ բնակավայրերում հենակետերի տեղադրման և այլ հարցերի շուրջ։

- Պարոն Փիլոյան, շուրջ 10 ամիս առաջ նշանակվեցիք ԱԻ նախարարի պաշտոնում։ Այնուամենայնիվ, ՊՆ N զորամիավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցնելուց հետո ԱԻ նախարարի պաշտոնին հեշտ հարմարվեցի՞ք։

- Չեմ կարծում, որ այստեղ հարմարվելու խնդիր ունեմ։ Համեմատելով ասեմ, որ ՊՆ համակարգում ծառայությունն ավելի բարդ ու դժվար է եղել, քան հիմա։ Ծառայության գրեթե ողջ ընթացքում զբաղեցրել եմ հրամանատարական պաշտոններ, ծառայել եմ սահմանամերձ շրջաններում, բնականաբար, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում։ Անգամ մեկ զինվորի կորուստը անասելի  ցավ է, իսկ այսօր արտակարգ իրավիճակների ծառայությունում մենք մարդկային կյանքեր ենք փրկում։ Կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է։ Աշխատանքի բնույթն ընդհանուր առմամբ կարելի է ասել նույնն է։ Կարևոր է մարդու մոտեցումն ու աշխատանքին նվիրումը, մնացածն ինքնին ստացվում է։

- Արդյոք շարունակո՞ւմ եք նույն կարգախոսով առաջնորդվել՝ «Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում»։

- Այո, իհարկե։ Ես այդպես եմ շարժվում արդեն ավելի քան 10 տարի և այդպես էլ շարունակելու եմ։ Կարծում եմ, որ բոլորը պետք է այդ կարգախոսով առաջնորդվեն։ ԱԻՆ այն աշխատակիցներն, ում հետ առիթ եմ ունեցել անձամբ շփվելու, համոզվել են, որ այդ մոտեցումը ճիշտ է։  

- Ձեր պաշտոնավարման ընթացքում գերակա խնդիրներից որո՞նք են եղել և ի՞նչ լուծումներ են տրվել։

-Առաջնահերթ ասեմ, որ նախարարության համակարգում և փրկարար ծառայությունում կատարել ենք կառուցվածքային փոփոխություններ։ Դրանց արդյունքում, մեր կառավարման օղակներում հաստիքներ ենք կրճատել, որոնց հաշվին հաստիքներ ենք ավելացրել Փրկարար ծառայության մարզային կառույցներում։ Դա մեզ հնարավորություն է տվել ավելի հեշտացնել և արագացնել այն գործընթացները, որոնք կատարում են մարզային կառույցների փրկարար ջոկատների շարքային աշխատակիցները։

- Մեր առաջին հարցազրույցի ժամանակ շատ հարցերի շուրջ խոսեցինք, ասում էիք, որ եղել եք սահմանամերձ և սահմանապահ մարզերում։ Այս ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել, ինչպիսի՞ լուծումներ են տրվել առկա խնդիրներին։

- Նշանակմանս առաջին իսկ օրվանից այցելել եմ  սահմանամերձ և սահմանապահ մարզեր, ծանոթացել խնդիրներին։ Ուսումնասիրել եմ այն լուծումները, որոնք տեղում առաջարկվել են, ինչից հետո  ծավալուն  աշխատանքներ ենք կատարել։ Դրանց մի մասն այսօր արդեն իսկ ստացել է իր լուծումը, մյուս մասի խնդիրներին լուծում տալու ուղղությամբ դեռևս աշխատանքներ ենք կատարում։

 

- Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ բնակավայրերն ավելացել են։ Այն ժամանակ արդեն Տավուշի մարզում  ստեղծվել  էին հենակետեր։ Մինչ այսօր ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Սյունիքի մարզում տեղադրվե՞լ են նման հենակետեր։

- Պատերազմից հետո, նման հենակետեր ունենալու անհրաժեշտություն առաջացավ նաև Սյունիքի մարզում։ Արդեն քաղպաշտպանության հենակետ ունենք Շուռնուխում և  Շիկահողում։ Շուռնուխում հերթապահություն է իրականացվում  Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատների ուժերով, իսկ Շիկահողում ՝  համայնքի կամավորների  միջոցով: Նրանց ապահովել ենք հրշեջ մեքենայով, համապատասխան հանդերձանքով, ինչպես նաև անցկացվել են  վերապատրաստումներ: Այժմ աշխատանքներ ենք կատարում նաև սահմանամերձ Կոռնիձորում նման հենակետեր ունենալու ուղղությամբ, նրանց ևս կտրամադրվի հրշեջ մեքենա։ Հույս ունեմ, որ մինչև ամսվա վերջ այդ հենակետը պատրաստ կլինի։ Աշխատանքները շարունակական են լինելու։ Իհարկե, կառավարության Սյունիքի զարգացման ծրագրի շրջանակներում ևս  աշխատանքներ են տարվում:

- ԱԻՆ-ի ավտոպարկը հաճախ համալրվում է։ Կխնդրեի նշել, այս տարի քանիսն են, այլ գույքային օժանդակություն ստանալո՞ւ է գերատեսչությունը։

-   Մենք մշտապես իրականացնում ենք ԱԻՆ ավտոպարկի համալրում՝ և՛ պետական ծրագրով, և՛ դոնոր կազմակերպությունների կողմից։ Կցանկանայի նաև անրադառնալ եղածի ճիշտ օգտագործմանը և շարքից դուրս եկածները կրկին շարք վերադարձնելուն։ Մենք ունենք ավելի քան 260 մարտական մեքենա, որից 62-ը տարվա սկզբին անսարք էին, սակայն այս պահին առկա է ընդամենը 9 անսարք մեքենա։ Նշեմ նաև, որ Շրջակա միջավայրի նախարարի հետ համաձայնություն ունենք, որ համագործակցության շրջանակներում մեքենաներ հատկացնենք անտառտնտեսություններին, որպեսզի անտառային հրդեհների դեպքում նրանք կարողանան օպերատիվ արձագանքել՝  մինչև հրշեջների դեպքի վայր հասնելը։ Ճիշտ հրդեհաշիջում կազմակերպելու համար, նաև համաձայնություն է ձեռք բերվել  նրանց աշխատակիցներին ևս վերապատրաստելու շուրջ։

 

- «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» ընդունվե՞լ է։ Արդյո՞ք դրա կիրառումը կարդարացնի իրեն և ձեր սպասելիքները։ Քանի՞ Էլեկտրաշչակ կա Հայաստանում և քանի՞սն է անհրաժեշտ։

- Համակարգը դեռևս չի ներդրվել, նախագիծն այս պահին շրջանառվում է Կառավարությունում և նախատեսված է, որպեսզի այն հաստատվի 2021 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին։ Այդ ծրագրի համաձայն ազդարարման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսը։ Մեր ուսումնասիրությունների արդյունքում հաշվարկել ենք, որ Հայաստանում անհրաժեշտ է 1544 էլեկտրաշչակներ ու ազդարարման վահանակներ ունենալ։ Այս պահին առկա է  951 էլեկտրաշչակ։  Կուզեի շեշտել, որ նշված 951-ից 468-ը տեղադրվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Այսինքն՝ ինտենսիվ կերպով աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի տեղադրենք այդ շչակները և կարողանանք դրանով ամբողջ հանրապետությունում բնակչության ազդարարման խնդիրներ լուծել։

- Երկրում կան վտանգավոր սողանքային տեղամասեր։ Ի՞նչ մեխանիզմով է իրականացվում այդ տեղամասերի դիտարկումնր և ի՞նչ քայլեր են արվում, որպեսզի դադարեցվեն սողանքները։

- Իհարկե, աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվել են և ունեն շարունակական բնույթ։ Օրինակ, 2014-2017 թթ. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ իրականացված «Սողանքային աղետի կառավարման» ծրագրով իրականացվել է Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ և Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքների սողանքային մարմինների երկրաբանական և երկրաֆիզիկական հետազոտություններ, որից հետո նշված սողանքային մարմիններում տեղադրվել են խորքային և մակերևույթային գրունտի շարժը չափող, ինչպես նաև անձրևաջրերը և ստորերկրյա ջրերի մակարդակները չափող սարքեր: Չափող սարքերը միացված են համայնքներում տեղադրված համակարգիչներին, որոնք իրենց հերթին միացված են Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղադրված սերվերին, ինչը հնարավորություն է տալիս օնլայն ռեժիմով հետևել և գրանցել սողանքների գրունտի շարժը։

 

- Այս տարի նաև պետք է 48,5 մլն դրամի շրջանակներում Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծղկավանի և Դպրաբակ համայնքների (թվով 6) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ իրականացվեին, ի՞նչ փուլում է այդ գործընթացը։

- Պետք է ասեմ, որ Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ համայնքներում և  Լոռու մարզի Թումանյան-Սանահին երկաթգծի 2624 կմ պկ 4-7 հատվածի սողանքային տեղամասում կատարվել են հորիզոնական հորատման և ջրահեռացման, իսկ Լոռու մարզի Հ-70՝ Մ-6-Մարց-Աթան հանրապետական նշանակության ճանապարհի 25-րդ կմ-ի ակտիվացած սողանքային տեղամասում իրականացվել են հորատապայթեցման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է 48,5 մլն դրամի շրջանակներում նախատեսվող գործիքային հետազոտություններին, ապա ասեմ, որ այդ ծրագիրը հետաձգվել է և ներառվել է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

- Ձեր առաջարկով պետք է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագիր մեկնարկեր։ Իրականացվե՞լ է այդ ծրագիրը և ի՞նչ ընթացքում է։

- Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում հանդիպում ենք ունեցել Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ և  քննարկել  այդ ծրագրի իրականացման հարցերը։ Այս պահի դրությամբ ունենք 14 ուսանող, ովքեր ցանկություն են հայտնել իրենց ծառայությունն անցկացնել Պաշտպանության նախարարության համակարգում՝ համաձայն պայմանագրի։ ՊՆ կադրերի վարչությունում այժմ մշակվում է պայմանների կրման կարգը, որը ներկայացվելուց հետո արդեն ծրագիրը կյանքի կկոչվի։

 

- Խոսենք նաև հրդեհների մասին դրանք բավականին շատացել են։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ձեր կարծիքով, մեր հրշեջ-փրկարարները կարողանում են ճիշտ ժամանակին և հավուր պատշաճի կատարել իրենց աշխատանքները։ Թվեք խնդրեմ նրանց թերություններն ու առավելությունները։

- Վիճակագրական տվյալներով եթե խոսենք, ապա օրական գրանցված արտակարգ պատահարների 70-80 տոկոսը բաժին է ընկնում հրդեհներին,  իսկ դրանց 70 տոկոսն էլ՝   խոտածածկ տարածքներին։ Իհարկե, բացի եղանակային պայմաններից, դրանց մի մասն էլ պայմանավորված են մարդկային գործոնով։ Տարեսկզբից մշակել և արդեն օգտագործում ենք դրոնները՝ հանգստյան, հրդեհավտանգ  գոտիներում մարդկանց իրազեկելու և հորդորելու համար, որպեսզի  պահպանեն հակահրդեհային տարրական կանոնները: Կարծում եմ, որ քաղաքացիների զգալի հատվածին այդ ամենը զգաստացնում է։ Անտառային հրդեհները ներկա պահին մեր ամենադժվար խնդիրն է։  Բայց այս տարի, բարեբախտաբար, մեծ մասշտաբի հրդեհներ չեն եղել, նախորդ տարիների համեմատ։ Ընթացիկ տարում միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ունեցել ենք 4 հրդեհ, որոնք ժամանակին կարողացել ենք մարել։  Ի պատիվ մեր ազգաբնակչության, ասեմ նաև, որ դեպքեր են լինում, երբ տարածքի բնակիչներն ակտիվ մասնակցում են  հրդեհաշիջման աշխատանքներին։

- Դրոնների մասին խոսեցիք։ Կխնդրեի ներկայացնել, թե որքանո՞վ էր դրա կիրառումն արդյունավետ և հանրապետությունում այս պահին քանի՞ հատ կա։

- Դրոնների կիրառումն արդեն շատ մեծ տարածում է գտնում մեր համակարգում։ Ինչպես արդեն ասացի, այն օգտագործում ենք բնակչությանն ազդարարելու և հրդեհների մարման աշխատանքները կազմակերպելու համար։ Բացի դրանից, անտառային հրդեհների դեպքում ունենք բազմաթիվ կիրառումներ, երբ կարողացել ենք դրոնի միջոցով հայտնաբերել օջախները և արագ մարել դրանք։ Այս տարի, որպես նորարարություն, դրոնները կիրառել ենք Սևանա լճի հանգստի գոտիներում և վերահսկողություն ենք իրականացրել ափամերձ տարածքներում։ Դրոնների ճիշտ կիրառման ու մեր ծառայողների օպերատիվ աշխատանքների արդյունքում կարողացել ենք  57 քաղաքացու օգնել ու փրկել։ Նախատեսել ենք, այս տարի դրոններով ապահովել նաև  մարզային կառույցներին։ Ներկա պահին համակարգում ունենք 5 դրոն։

- Պատերազմական, արտակարգ այլ իրավիճակներում բնակչությանն այդ մասին ազդարարելու, նրանց պատսպարելու և տարհանելու ուղղությամբ այսօր ևս խնդիրնե՞ր եք տեսնում։

- Ազդարարման առումով մենք շատ ակտիվ պարապմունքներ ենք անցկացնում և՛ դպրոցներում, և՛ մանկապարտեզներում, և՛ համայնքներում։ Այդ հարցում մեզ օգնում են ՏԻՄ-երը։ Լուրջ խնդիրներ ունենք տարահանման հետ կապված, քանի որ պատերազմական իրավիճակում սահմանամերձ բնակավայրերում բնակչության տարհանումը բավականին բարդ գործընթաց է, և մենք այսօր չունենք այն հնարավորությունը, որպեսզի  պարապմունքներն իրականացնենք ամբողջ ծավալով։ Այս հարցում ՏԻՄ-երի հետ մենք մշտապես աշխատանքներ ենք իրականացնում այս խնդիրների լուծման համար։

 

- Պատսպարանների առումով, ի՞նչ քայլեր են արվել ձեր պաշտոնավարման սկզբից ի վեր։ Կառուցվե՞լ են նորերը կամ հարկ եղած դեպքում եղածներն օգտագործելու հնարավորություններն ավելացել են քաղաքացիների համար։

- Նորակառույց շենքերում այդ խնդիրը լուծված է, քանի որ դրանց նկուղային հարկերը նախատեսվում են պատսպարանների համար  և  սեփականացնելու հնարավորություն չի տրվի բնակիչներին։ Իսկ որպեսզի նախկինում կառուցված շենքերի նկուղային հարկերը հնարավոր լինի նախապատրաստել և հարկ եղած դեպքում օգտագործել որպես  պատսպարաններ, շարունակում ենք աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ ։

- Արցախի ԱԻ պետական ծառայության հետ համագործակցությունը շարունակվո՞ւմ է։ Ներկայում ի՞նչ խնդիրներ կան ծառացած և ի՞նչ օգնություն է տրամադրում ՀՀ ԱԻՆ-ը Արցախին։

-  Արցախի մեր գործընկեր կառույցի հետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրում։ Օգնությունը տրվում է Կառավարության միջոցների հաշվին՝ տարբեր ծրագրերի միջոցով։ Բացի դրանից, ռուս-հայկական հումանիտար արձագանքնման կենտրոնի ուժերով՝ Ռուսաստանի տրված օգնությունները նույնպես կարողանում ենք հասցնել Արցախի մեր հայրենակիցներին։

 

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք պարոն նախարար։

- Այժմ աշխատում ենք օրենսդրական փոփոխություն կատարել Փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունման կարգի մեջ։  Մրցութային կարգի դեպքում   հնարավորություն չի ընձեռվում որակավորման արդյունքներով ստեղծել առաջխաղացման ռեզերվ և թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ քննարկել և ռեզերվում ընդգրկված ծառայողին նշանակել տվյալ պաշտոնին:

Այդ իսկ պատճառով առաջարկում ենք, որպեսզի ՓԾ-ում ծառայության ընդունումը լինի նշանակելու միջոցով և ոչ թե մրցութային կարգով։ Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ, քանի որ միայն այդ դեպքում  կարող ենք մեր կադրերին հնարավորություն տալ զարգանալ և նշանակվել  իրենց ընդունակություններին համապատասխան։ Հաջորդը ծրագիրը քննարկման փուլում է՝ այն է, որ ռուս-հայկական հումանիտար արձագանքնման կենտրոնի միջոցով  կարողանանք լուծել տեխնիկական վերազինման և ուսուցման մի շարք խնդիրներ։ Կարևոր մեկ այլ ծրագիր է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության կողմից իրականացվող ծրագիրն է՝ որի շրջանակներում Ախուրյանում  և Գյուրիում արդեն կառուցվել է փրկարար ծառայության ջոկատների նոր մասնաշենքեր՝ ամբողջությամբ նոր պայմաններով ու նոր հնարավորություններով։ Կարծում եմ մինչև սեպտեմբերի վերջ երկու շենքի բացումը կարվի ։  Այդ ծրագրով Աշոցքում ևս շինարարական  աշխատանքներ են տարվում։

Շատ ենք կարևորում նաև անօդաչու թռչող սարքերի կիրառումը  ՓԾ աշխատանքներում և այն ընդլայնելու ծրագրեր կան։

- ԱԻՆ-ն իրականացնում է նաև Հոգեբանական աջակցության պետական ծրագիր, որի շահառուները Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներն են, զոհվածների, գերության մեջ գտնվողների հարազատները, ինչպես նաև գերությունից վերադարձածները։ Ծրագրի շրջանակում ի՞նչպիսի օգնություն է տրամադրվել։

- Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, պետական մակարդակով մենք հայտարարեցինք մրցույթ, որը շահեց «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը», որը  ութ  հոգեբանական կազմակերպությունների  հետ իրականցնում  է   պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցների հոգեբանական վերականգնման աշխատանքները. Ծրագրի շրջանակում օգնություն է տրամադրվել շուրջ 950 քաղաքացու, որոնց հետ անցկացվել է ընդհանուր առմամբ 4500 սեանս։ Այստեղ ևս անելիքներ շատ ունենք:

 

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]