Տնտեսություն

Կառավարությունը բարելավում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը

4 րոպեի ընթերցում

Կառավարությունը բարելավում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի օժանդակությամբ ՀՀ կառավարությունը բարելավում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի կառավարումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԳԱՏՕ ծրագիրն իր վեցամյա գործունեության ընթացքում աջակցել է ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի քաղաքականության մշակման և տեխնիկական լուծումների կիրառման գործում՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանից ջրառի ծավալների նվազեցման և ռեսուրսի արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի եզրափակիչ համաժողովի ընթացքում ՀՀ կառավարությանը, միջազգային դոնոր կազմակերպություններին, գործընկերներին, Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ներկայացուցիչներին ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև դրա իրականացման արդյունքում քաղած դասերը։

Ջրային պաշարների հյուծման հետևանքով Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնք ունի խմելու և ոռոգման ջրի խնդիր։ ԳԱՏՕ-ն տարածաշրջանում իրականացրել է 17 ծրագիր՝ ցուցադրելով ջրի և էներգիայի խնայողության տարբեր տեխնոլոգիական լուծումների կիրառությունը համայնքներում և ձկնաբուծարաններում:

Արարատի և Արմավիրի մարզերի 11 համայնք ներգրավված է եղել խմելու ջրի և ոռոգման համակարգերի բարելավման ծրագրերում, որոնց իրականացման արդյունքում խնայվում է տարեկան ավելի քան 13 մլն մ3 ստորերկրյա ջուր և մոտ 1380 ՄՎտժ էլեկտրաէներգիա, ընդհանուրը մոտ 125 000 ԱՄՆ դոլարին համարժեք:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր ողջույնի խոսքում նշեց. «Հպարտ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ միասին աշխատում են երկրի ջրային պաշարների կառավարման բարելավման նպատակով: Այս նշանակալի, համատեղ ջանքերի շնորհիվ Արարատյան դաշտի համայնքներում բնակվող ավելի քան 32 000 մարդ, որ նախկինում առերեսվում էր ջրի սակավության լուրջ խնդրի հետ, այժմ օգտագործում է հուսալի, անվտանգ և մաքուր ջուր։ Սա անդրադառնում է նաև ամբողջ Հայաստանի վրա: Հանդիսանալով Հայաստանի պարենային ապահովման կենտրոններ` այդ համայնքներն այժմ հնարավորություն ունեն զարգացնելու գյուղատնտեսությունն ու այն ձեռնարկությունները, որոնք արտադրում և ապահովում են սնունդ և եկամուտ հազարավոր մարդկանց համար»:

Վեց տարվա ընթացքում ծրագիրը հասավ տպավորիչ արդյունքների, որոնք ներառում են Պետական ջրային կադաստրի տեղեկատվական համակարգի արդիականացումը, արտեզյան ավազանի եռաչափ մոդելի, Արարատյան դաշտի ատլասի պատրաստումը և ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ որոշումների կայացմանն աջակցող հատուկ գործիքակազմի մշակումը:

ԳԱՏՕ ծրագիրը կառավարությանն է ներկայացրել տվյալներ՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի պաշարների վերաբերյալ և, ամենակարևորը, հաշվարկել է ջրատար հորիզոններից ջրառի թույլատրելի ծավալների արժեքները, որոնց կիրառումը չի խաթարի պաշարի վերականգնման կարողությունը։ ԳԱՏՕ ծրագրի ներկայացրած տվյալների հիման վրա կառավարությունը կարող է կիրառել ջրային ոլորտի ողջամիտ քաղաքականություն ու օրենսդրական կարգավորումներ, որոնք ուղղված կլինեն ջրային պաշարների երկարաժամկետ պահպանության նպատակների իրագործմանը և տարածաշրջանում ջրի պահանջարկի բավարարմանը: ԳԱՏՕ ծրագիրն աջակցել է Շրջակա միջավայրի նախարարությանը ջրային ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ։ պաշարների պահպանությանն պահանջները, որոնք հաստատվել և կիրառության մեջ են դրվել 2019 թ.: 2021 թ. սեպտեմբերին կառավարությանը կներկայացվի Հայաստանում գետերի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում