Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Առաջինը Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրել է ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ

Առաջինը Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնը ներդրել է 
ներվիրահատական հետազոտության նորագույն եղանակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներդրվել է ներվիրահատական ֆլուորեսցենտային հետազոտության եղանակը, որի շնորհիվ հնարավոր է նվազեցնել հետվիրահատական բարդությունները և զգալիորեն բարելավել վիրահատական բուժման արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կենտրոնից և տեղեկացնում, որ այդ նպատակով ՈւԱԿ- ը ձեռք է բերել հատուկ սարքավորում, որը նորույթ է հայաստանյան առողջապահական համակարգում։

«Ֆլուորեսցենտային հետազոտությունները նորագույն, գերժամանակակից հետազոտություններ են, որոնք լայնորեն կիրառվում են ուռուցքային հիվանդությունների ախտորոշման և  բուժման նպատակով: Հետազոտության ընթացքում ներարկվում է հատուկ կոնտրաստային նյութ, որը ինֆրակարմիր սպեկտրում լուսարձակում է, ինչը որսում է խցիկը և փոխանցում էկրանի վրա։ Մեթոդն ունի բարձր ինֆորմատիվություն, ցածր տոքսիկություն պրոֆիլ, և կեղծ բացասական գործակցի ցածր ցուցանիշ», - մանրամասնել է կենտրոնի Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը:

Նրա խոսքով՝ ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունների ժամանակ, որպես ներվիրահատական հետազոտություն, ֆլուորեսցենտային եղանակը կիրառվում է մի շարք ոլորտներում:

Հետազոտության շնորհիվ հայտնաբերվում են, այսպես կոչված, պահակային ավշային հանգույցները կրծքագեղձի, մաշկի չարորակ նորագոյացությունների ժամանակ։

«Պահակային ավշային հանգույցը ուռուցքով ախտահարված առաջին ավշային հանգույցն է, և դրա հետազոտությունը հնարավորություն է տալիս խուսափել առողջ, չախտահարված ավշահանգույցների հեռացումից և նվազեցնել վերջույթի այտուցի առաջացման հավանականությունը», - պարզաբանել է բժիշկը։

Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ֆլուորեսցենտային հետազոտությամբ հայտնաբերվում են հարվահանագեղձերը, գնահատվում է դրանց կենսունակությունը։ Վահանաձև գեղձի վիրահատությունների ժամանակ ավելի շատ բարդություններ լինում են ոչ թե ձայնալարերի, այլ հենց հարվահանագեղձերի վնասման հետևանքով։ Հարվահանագեղձերի պահպանումը զգալիորեն բարելավում է կյանքի որակը, որովհետև դրանց հեռացման դեպքում հիվանդն ամբողջ կյանքում տառապում է շատ ծանր բարդությամբ՝ արյան մեջ կալցիումի մակարդակի նվազմամբ, և ստիպված է ողջ կյանքում ընդունել կալցիումի դեղամիջոցներ։

Պլաստիկ-վերականգնողական վիրահատությունների ժամանակ այս հետազոտությամբ որոշվում է տեղափոխվող հյուսվածքների արյունամատակարարման աստիճանը, գնահատվում է այդ հյուսվածքների կենսունակությունը, վերջնական արդյունքում զգալիորեն բարելավվում են վիրահատական բուժման արդյունքները:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի խոսքով՝ կենտրոնը որդեգրել է այն քաղաքականությունը, որ անպայման ունենա աշխարհում ուռուցքաբանության մեջ կիրառվող բոլոր նորարական սարքերը, և այս սարքը դրանցից մեկն է։

«Ժամանակակից ուռուցքաբանության մեջ այն շատ կարևոր դերակատարում ունի, և որոշակի տեղակայման քաղցկեղների դեպքում տրավմատիզացիան է փոքրացնում, վիրահատության ծավալն է փոքրացնում, և պացիենտները հետագայում խուսափում են հաշմանդամությունից», - ասաց նա՝ մեկտեղ հավելելով, որ կենտրոնը վերջին երկու տարվա ընթացքում ձեռք է բերել մոտ 80 սարքավորում, որոնցից մոտ 20-ը ամենաբարձր մակարդակի սարքավորումներ են։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am