Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Սեպտեմբեր

ՄԻՊ-ն առաջարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել

ՄԻՊ-ն առաջարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի 
մասին» օրենքում փոփոխություն կատարել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանը նշում է, որ խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում:

Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:

Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:

Առաջարկվում է.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

Մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]