Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Տոկիո-2020. Ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում, սակայն պարտվեց հաջողրդում

Տոկիո-2020. Ըմբիշ Արմեն Մելիքյանը հաղթեց մեկնարկային գոտեմարտում, սակայն 
պարտվեց հաջողրդում

ՏՈԿԻՈ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում առաջինը պայքարի մեջ մտավ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը: 1/8 եզրափակիչում Մելիքյանը մրցեց Իրանից 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի հետ։ Հայ ըմբիշը հաղթեց 5։5 հաշվով (վերջին գործողության առավելություն): Քառորդ եզրափակչում նա գոտեմարտեց 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019-ի և 2020-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ և պարտվեց 4:8 հաշվով: Եթե Տիմուրովը հայտնվի եզրափակչում, Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում ուկրաինացի ըմբիշը կմրցի աշխարհի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Կենիչիրո Ֆումիտայի հետ:

Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանան օգոստոսի 3-ին: Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը  67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Ինչպես նաև բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կփորձի հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը: Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]