Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը. Փաշինյան

Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս 
սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է ապօրինի կերպով մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ է ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակարգը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանք գործադրելու մեջ։ Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, ու ես պաշտոնապես բացառում եմ ՀՀ զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ ՀԱՊԿ-ի շրջանակում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունի իրականության հետ։ «Մենք կողմ ենք, ավելին, նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից։ Դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումի ռիսկի։ «Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուս գործընկերների հետ։ Մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում անվտանգություն, խաղաղություն ու կայունություն ապահովելու համար, մենք գործելու ենք ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]