Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն. Քերոբյան

Տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ 
իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում գրված է, որ բարենպաստ արտաքին միջավայրի պարագայում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ կապահովվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ իրենք կառավարության ծրագիրը կազմելու են հենց այդ տրամաբանությամբ, նույնիսկ  մի քիչ էլ ավելի, որ 9 տոկոսն իրագործվի:

«Ինչո՞ւ ենք դա արել, որովհետև Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներն այնպիսին են, որ դա այն նվազագույն տնտեսական աճն է, որի պարագայում կկարողանանք անվտանգային ու հումանիտար բոլոր հարցերը լուծել: Ո՞նց ենք դա անելու: Ունենք մանրամասն ծրագիր և հիմա մի փոքր ճշգրտումներ ենք անում»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ ներդրումային միջավայրը լավանա, բյուրոկրատական խոչընդոտները վերանան:

Հարցին, թե ինչպես են տնտեսական աճ ապահովելու՝ հաշվի առնելով, որ շատ գործարարներ ասել էին, որ եթե իշխանությունները վերընտրվեն, իրենք հեռանալու են երկրից, իրենց բիզնեսներն էլ տանելու են, Վահան Քերոբյանն արձագանքեց. «Գործարար միջավայրի հետ իմ շփումը, շրջապատն ավելի մեծ է, քան ձերը ու տնտեսավարողների 90 տոկոսն ինձ խոստովանում է, որ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, իրենք կարտագաղթեն: Այնպես որ, այս առումով կարծիքները տարբեր են: Բայց ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ ՀՀ-ում եղած ամբողջ ներուժը համախմբենք: Մեր երկիրն այնքան փոքր է, ռեսուրսներն էլ այնքան քիչ են, որ մենք իրավունք չունենք մսխել այդ ռեսուրսները: Ես ուզում եմ կոչ անել բոլոր գործարարներին, որովհետև իրենք ամենահայրենասեր կատեգորիայից են, լծվել երկրի շենացմանը: Ես էլ իրենց տրամադրության տակ եմ, որ իրենց մոտ եղած խնդիրները լուծվեն»,- ընդգծեց Վահան Քերոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]