Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը 182 մլն դրամ կհատկացնի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

«Կառավարության որոշման նախագիծը բխում է 2021 թվականի ընթացքում ուսուցիչների ատեստավորում անցկացնելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է 182 մլն դրամ ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» նոր միջոցառմանը»,-ասաց Դումանյանը:

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները տարակարգ ստանալու հնարավորություն չեն ունեցել:  Իսկ Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսուցիչների առնվազն 1/5-րդը ենթակա է ատեստավորման:

«Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարում կատեստավորվեն ոչ միայն այդ տարիներին ատեստավորման ենթակա թվով շուրջ 7400 ուսուցիչները, այլ նաև նախընթաց երկու տարում գործընթացին չմասնակցած ուսուցիչները: Դա զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը ՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- ասաց Դումանյանը:

Ուսուցիչների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարը վերաբաշխվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2021-ի բյուջեով հատկացված միջոցներից:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հանրակրթության ոլորտում դեռևս 2019-ից սկսած բարեփոխումների շրջանակում առաջինը վերանայել են ուսուցիչների աշխատավարձերը, դրույքաչափերը: «Հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների էական հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենում հենց հիմա: Այս տարվա 129 կապիտալ հիմնանորոգման, վերանորոգման և կառուցապատման նախագծերից 105-ը կրթական հաստատություններ են»,-ասաց Ավինյանը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ ասաց, որ փաստացի այսօր 43 օբյեկտի վրա շինարարությունն արդեն սկսված է, որոնցից 3-ը կրթական են:
Որոշման նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am