Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում

Ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսների. «Իմ անուշ տղա» պիեսը՝ 
Տնտեսագիտականի բեմում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսի հունիսի 16-ին ներկայացրած բեմադրությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ոգեկոչել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը և հանդիսատեսին նվիրել հիացումի ու հպարտության զգացումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Դերասանական վարպետության սահմանը նվաճող իրենց խաղով մեր ուսանողները փայլեցին՝ մարմնավորելով ինքնատիպ կերպարներ, համոզիչ կերպով կերտելով պատերազմական իրադրության ողբերգական ու միաժամանակ լավատեսական,  արցունքախառն ու հումորով լեցուն դրվագներ»։

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանի նախաձեռնությամբ  և ջանքերով, դերակատարներ Անահիտ Հակոբյանի, Մարջան Գուլինյանի, Ինեսա Մարդոյանի, Արամ Պետրոսյանի, Ժորա Ստեփանյանի, Գագիկ Վարդանյանի, Հարություն Սուքոյանի, Վրեժ Սահակյանի և  Վահրամ Ոսկանյանի փայլուն խաղով կյանք առած ներկայացումը այսօրինակ խոնարհում էր ՀՊՏՀ զոհված ուսանողների հիշատակի առջև:

Պատերազմը չսպիացող վերք է բացել մեր սրտերում, ցավ ու տրտունջ թողել: Մեր լուսեղեն ու անուշ զավակներն իրենց ծաղիկ հասակը հայրենիքին նվիրաբերեցին և մեր հուշերում մնացին հավերժ երիտասարդ՝ կենսախինդ և հումորով լեցուն, որպիսին ներկայացման հերոսներն են՝ Նարեկը, Դավիթը, Ճուտոն, Վահագնը, Քեռի Բարսեղը։  Իսկ որդեկորույս մոր կերպարը՝ Պուճուր մաման, հերոսածին մայրերի խտացումն է՝ լի  անսահման բարությամբ ու վեհությամբ,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՊՏՀ-ի տեղեկացմամբ՝ անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը՝ Լիլիթ Դադայանը նշում է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության  մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի  հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ: ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն է  հայտնել դերակատար ուսանողներին, Լիլիթ Դադայանին՝ հրաշալի բեմադրության համար, ինչպես նաև՝ ներկայացմանը ներկա՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ նշելով, որ դերակատարներից մեկը այդ ինստիտուտի ուսանող է: Ռեկտորը նաև երախտագիտության խոսք հղեց թատերագիր Անահիտ Աղասարյանին:

«Պատերազմի ավարտից հետո մի քանի միջոցառում ենք նվիրել մեր զոհված ուսանողներին, այսուհետ ևս, անկախ նրանից, թե ինչ ձևաչափով կկազմակերպենք, նորից, ինչպես այս ներկայացումը, կլինի մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև և մեր հավաստիացումը՝ տղաները հավերժ մեր սրտերում են»,- ասել է Դիանա Գալոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am