Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գորիսի բնակիչը ներկայացել է որպես ադրբեջանցի զինծառայող և թրաֆիքինգի ենթարկել անհետ կորած զինծառայողների հարազատներին

Գորիսի բնակիչը ներկայացել է որպես ադրբեջանցի զինծառայող և թրաֆիքինգի 
ենթարկել անհետ կորած զինծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող՝ ՀՀ զինված ուժերի զինծառայողների՝ իգական սեռի հարազատներին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ցանկանալով ներկայանալ որպես Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչն իր կողմից «Facebook.com»  համացանցային կայքում նախկինում բացված՝ «Arman Armeni Xachatryan» օգտանունով անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել:

Առանձնացնելով իր համար նախընտրելի իգական սեռի օգտատերերին՝ 40-ամյա տղամարդը «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել նրանց՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ: Օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք, հավատալով և ցանկանալով տեղեկություններ ստանալ իրենց հարազատների մասին, պատասխանել են նամակին և սկսել նամակագրություն վարել վերջինիս հետ:

Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը: Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                                                                                                      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am