Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հիշողության կերպարանքներ…» սեմինարի շրջանակում ցուցադրվեց Այվազովսկու վերականգնված կտավը

«Հիշողության կերպարանքներ…» սեմինարի շրջանակում ցուցադրվեց Այվազովսկու 
վերականգնված կտավը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնված ցուցանմուշների պատմություն» ծրագրի շրջանակում անցկացվող «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավների պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությունը համալրվել է Հովհաննես Այվազովսկու «Չումակներ: Սայլավորներ» (1857) կտավով, որն արվեստասերներին ներկայացվեց հունիսի 15-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունը գործում է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 10-րդ միջազգային սեմինարի շրջանակում:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց, որ հյուրերի մեծ մասն ԱՊՀ երկրներից է, ուստի որոշել են ցուցադրությունը համալրել հենց Հովհաննես Այվազովսկու կտավով, քանի որ նա բոլորի նկարիչն է՝ հայազգի ռուս նկարիչը: «Այվազովսկին աշխարհահռչակ ծովանկարիչ է, սակայն նրա այլ թեմաներով աշխատանքներից շատերն ինչ-որ չափով ստվերում են մնում, այդ իսկ պատճառով ընտրեցինք «Չումակներ: Սայլավորներ» աշխատանքը, որը վերականգնվել է հեղինակի 200-ամյակի առթիվ: Մինչ այդ կտավը երկար տարիներ պատկերասրահի պահոցում է եղել»,- պատմեց տնօրենը:

Նրա խոսքով՝ Այվազովսկու կտավից զատ ցուցադրությանը ներկայացված մյուս հեղինակների՝ Սարյանի, Բաշինջաղյանի, Կոջոյանի գործերը ևս վատ վիճակում են եղել: Որոշ կտավներ անգամ փորձել են ժամանակին վերականգնել, բայց՝ անհաջող: «Մեր վերականգնողները լրացրել են նաև այդ բացերը»,- ընդգծեց Մարինա Հակոբյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ անդրադարձավ «Հիշողության կերպարանքներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները»  սեմինարին՝ նշելով, որ այն Հայաստանում հուրընկալել է տասը երկրից ավելի քան 30 մասնագետի: «Սեմինարն ընդգրկում է մշակութային ժառանգության պահպանման բոլոր ոլորտները՝ թվայնացում, վերականգնում և այլն: Այս սեմինարը մեզ համար ունի ոչ միայն մասնագիտական, այլև բարոյահոգեբանական նշանակություն: Յուրաքանչյուր նման միջազգային շփում, հաղորդակցություն նպաստում է, որ արագ հաղթահարենք հոգեբանական ճգնաժամը, որում հայտնվել ենք պատերազմից հետո»,- շեշտեց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ սեմինարի բոլոր մասնակիցներն են նշում՝ չէին կարող հավանական համարել, որ համավարակի նման սահմանափակումների պայմաններում կենդանի հաղորդակցման հնարավորություն կունենան: Սահմանափակումներ, որոնք մի կողմից ընդգծել են թվային տեխնոլոգիաների կարևորությունը, իսկ մյուս կողմից ցույց են տվել, թե ինչքան անփոխարինելի են մարդկային շփումները բոլոր ոլորտներում: Բուն մասնագիտական նպատակից զատ սեմինարն ունի մշակութային քաղաքականություն իրականացնելու առաքելություն: Այն միտված է օտարազգիներին Հայաստանի մշակութային արժեքներին, հարստությանը ծանոթացնելուն:

Արա Խզմալյանի հավաստիացմամբ՝ տասը տարի կազմակերպվող սեմինարի արդյունքում ավելի քան 130 երկրից տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են Հայաստան եկել, բազմաթիվ մասնագիտական, մարդկային ամուր կապեր են ստեղծվել: «Նման նախաձեռնությունները կարևոր են որպես բացառիկ ապաքաղաքական և զուտ մասնագիտական հարթակներ: Եղել եմ սեմինարի հիմնադիրը, եղել եմ ղեկավարը, և չեք պատկերացնի իմ բերկրանքը, որ ինձնից հետո այն ապրում է նոր ղեկավարներով, նոր կազմով և շարունակում է պատշաճ պահել մակարդակն ու միջազգային վարկանիշը»,- եզրափակեց փոխնախարարը:

 «Արվե՞ստ, թե՞ գիտություն. երեք վերականգնված կտավների պատմություն. Բաշինջաղյան, Կոջոյան, Սարյան» ցուցադրությանը 19-20-րդ դդ. հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետների վերականգնված կտավների կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքն ամփոփ ներկայացնող աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով:

Ցուցասրահներից յուրաքանչյուրում տեղակայված է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ աշխատանքային սեղան, նկարակալ, որոնց վրա տեղադրված են պատռվածքներով, ներկաշերտի կորուստներով ու թափվածքներով կտավներ, ինչպես նաև կոտրվածքներով ու բացակայող հատվածներով դեկորատիվ-կիրառական առարկաներ: Վերականգնման ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են ժամանակակից մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն հնարավորություն է ունենում ինքնուրույն զննելու առարկաների վնասվածքները, նախկինում արված երանգավորումներն ու հետագա միջամտությունները:

Ցուցահանդեսը կգործի երեքշաբթիից կիրակի՝ ժամը 11։00-17։00-ն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]