Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Արշավականների միջազգային թիմը 40 օրում կանցնի 832 կմ Հայաստանի ամբողջ տարածքով

Արշավականների միջազգային թիմը 40 օրում կանցնի 832 կմ Հայաստանի ամբողջ 
տարածքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տրանսկովկասյան արահետ»-ի երթուղու ստեղծման հաջողությունը նշանավորելու նպատակով փորձառու արշավականների միջազգային թիմը 40 օր շարունակ չաջակցվող արշավի ընթացքում կանցնի 832 կմ Հայաստանի ամբողջ տարածքով: Արշավը կսկսվի հունիսի 14-ին Արփի լճից և կավարտվի Հայաստանի հարավային դարպասներ մոտ՝ Մեղրի քաղաքում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» հասարակական կազմակերպությունից։

««Տրանսկովկասյան արահետ»-ը նախագծված է որպես համաշխարհային մակարդակի ավելի քան 3000 կմ երկարությամբ երկարաձիգ քայլարշավային ուղի, որը ներառելու է Կովկասյան մեծ և փոքր լեռնաշղթաները, տարածաշրջանային մոտ երկու տասնյակ ազգային պարկեր և պահպանվող տարածքներ: Այն մշակվել է երեք գործընկեր կազմակերպությունների` ԱՄՆ-ում հիմնված «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի, «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» ՀԿ-ի և «Տրանսկովկասյան արահետ Վրաստան» ՀԿ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համաշխարհային մակարդակի արշավային փորձառության նպատակը տեղական համայնքների համար տնտեսական հնարավորությունների ավելացումն է՝ տարածաշրջանային մշակութային վայրեր և պահպանվող տարածքներ նվազագույն բացասական ազդեցությամբ հասանելիություն ապահովելով: Արահետները ձգվում են գյուղերն ու մշակութային հուշարձաններն իրար կապող երթուղիներով, որոնք ուսումնասիրել և քարտեզագրել է «Տրանսկովկասյան արահետ Հայաստան» ՀԿ-ն։ Նաև նոր նախագծեր են ծրագրվում՝ պատմական այս երթուղիները միմյանց կապելու համար: Հայաստանով անցնող արահետը նաև հնագիտական ճանապարհ է, որը կենդանացնում է երկրի պատմությունը և այն տեղակայում միջազգային արշավային քարտեզի վրա:

«Արշավախմբի կազմում են երթուղիների մշակողները, «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի, «Տրանսկովկասյան արահետ Վրաստան» ՀԿ-ի հիմնադիրները և «Ճանապար» հեռուստահաղորդման Րաֆֆի Պետրոսյանը: Նրանք կանցնեն Հայաստանի 6 մարզերով՝ օրական միջինը 25 կմ հաղթահարելով, միասին արշավելով ու գիշերելով միասին՝ միաժամանակ իրենց հետ տանելով ճանապարհի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները: Ճանապարհին նրանց կմիանան արշավական համայնքի և արահետների զարգացման կազմակերպությունների անդամները, որոնք օգնել են կյանքի կոչել արահետի երթուղին:

Արշավային ուղին անցնում է 4 լեռներով, 2 լճերով, 2 հովիտներով և 6 քաղաքներով: Երթուղին ձգվելու է Հայաստանի 4 ամենանշանավոր գագաթներով` Փամբակի, Գեղամայի, Աժդահակի և Խուստուփի, Արփի և Սևան լճերի երկայնքով, Արևիկ և Դիլիջան ազգային պարկերով, ինչպես նաև Ջավախի ջրբաժանով, Ձորագետի կիրճով ու Դեբեդ ձորով: Արշավականները հասնելու են Նորավանք և Տաթև վանք, կտրելու են Եղեգիսի և Արաքսի հովիտները, քայլելու են Արփա և Որոտան գետերով: Երթուղին անցնում է նաև Ստեփանավան, Դիլիջան, Եղեգնաձոր, Ջերմուկ, Սիսիան, Մեղրի քաղաքներով:

Արշավի ավարտին երթուղին հասանելի է լինելու հանրությանը՝ հնարավորություն ստեղծելով ցանկացողների համար սեփական փորձառությամբ զգալու այս շրջադարձային ճանապարհորդությունը, որի ընթացքին կարող եք հետեւել «Տրանսկովկասյան արահետ ասոցիացիա»-ի Facebook-ի և Instagram-ի էջերի միջոցով և կամ փնտրելով հետևյալ հեշթեգերով՝ #transcaucasiantrail #armeniathruhike»,- հայտնում են «Տրանսկովկասյան արահետ Հայաստան»-ից։

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]