Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

ԱԻ նախարարի մոտ քննարկվել են պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցության ծրագրի առաջին փուլի արդյունքները

ԱԻ նախարարի մոտ քննարկվել են պետական ֆինանսավորմամբ հոգեբանական 
աջակցության ծրագրի առաջին փուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հունիսի 14-ին աշխատանքային հանդիպում է ունեցել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի» հետ աշխատող ութ հոգեբանական կազմակերպությունների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքներին, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, պատերազմի մասնակիցներին պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացի առաջին փուլի արդյունքները, ի հայտ եկած խնդիրները:

«Ըստ հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ մեր հայրենակիցների դեռևս 40 տոկոսն է պատրաստ օգտվել առաջարկվող հոգեբանական աջակցությունից, սակայն հոգեբաններն աշխատում են ընդգրկվածությունն ավելացնելու ուղղությամբ: Ըստ տարածաշրջանների ձևավորվել են հոգեբանների աշխատանքային խմբերը: Արձանագրված հիմնական խնդիրների շարքում նշվել են շահառուների ցուցակների հետ կապված անճշտությունները, որոնց հստակեցումը ժամանակատար է: Հոգեբանները փաստել են, որ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ թվով ներգրավվածներ կան. 104 շահառուից 82-ի հետ անցկացվել է անհատական հոգեթերապիա՝ ընդհանուր առմամբ 230 սեանսով: Խմբային հոգեթերապիաներին ներգրավվել է 22 շահառու»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ, նախարարի խոսքով, ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության մոտ 30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում և անցած տարեվերջին հոգեբանական աջակցություն ստանալու ցանկություն ունեցողները շատ ավելի քիչ էին՝ մոտ 10 տոկոս: Անդրանիկ Փիլոյանը հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման տեսակետից կարևորել է վերականգնողական միջոցառումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի աջակցել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Ըստ աղբյուրի՝ ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝ անհետ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները: Ծրագիրը նախատեսված է իրականացնել ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ Արցախում:

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝  ծրագրով նախատեսված աջակցություն ստանալու համար պետք է զանգահարել հոգեբանական թեժ գիծ՝ 060 834-777:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]