Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանն անդրադարձավ 1999-ին ԼՂ հարցի լուծման համատեքստում Մեղրիի շուրջ ծավալված քննարկումներին

Փաշինյանն անդրադարձավ 1999-ին ԼՂ հարցի լուծման համատեքստում Մեղրիի շուրջ 
ծավալված քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համատեքստում Մեղրիի շուրջ ծավալված գործընթացներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը նման տեսակետ հայտնեց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը նախ բանակցային պրոցեսի առանձնահատկությունը համարեց այն, որ սեղանի շուրջ քննարկված ոչ մի բան անհետ չի կորում, դառնում է բանակցային բովանդակություն, որն ինչ-որ փուլում վերադառնում է: Քոչարյանին՝ ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելու մեջ մեղադրելուց հետո վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Դրանից հետո տեղի է ունենում հետևյալը՝ 1999-ին ի հայտ է գալիս Ղարաբաղի հարցը լուծելու հետևյալ տրամաբանության գաղափարը՝ Մեղրին տանք, Ղարաբաղը վերցնենք: Եվ բանակցային սեղանին հայտնվում է փաստաթուղթ: Մեղրիի տարբերակը ոչ թե ուղղակի ասել-խոսել է, այլ ձևավորվում է փաստաթուղթ՝ հարցի կարգավորման համաձայնագրի նախագիծ: Երբ ձևավորված է փաստաթուղթ, նշանակում է, որ նստել են փորձագիտական խմբեր ու շաբաթներով, ամիսներով աշխատել ամեն կետի, բառի, ստորակետի վրա և դարձրել ամբողջական փաստաթուղթ»:

Նա այդ համաձայնագրից մեջբերում արեց. «Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988 թվականին եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում), փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988 թվականին եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում), փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»: Այլ հոդվածների հիշատակման մեջ նշեց, որ, ըստ նախատեսվածի, «Հայաստանը պետք է զորքերը դուրս բերեր Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Կուբաթլուից, Շահումյանից, Քելբաջարից, Զանգելանից և Ղազախից»: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր այդ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: 5-րդ հոդվածով էլ պետք է սկսվեր Մեղրիի բնակչության և Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի  շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք, այդ տեղափոխումը պետք է ավարտեր համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում:

Փաշինյանի խոսքով՝ այդ փաստաթղթի՝ սեղանին դրվելուց հետո Քոչարյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի  նիստ, հրավիրել Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և հայտնել, որ այդպիսի բան կա: «Ոչ միայն ասում է, այլև փորձում է համոզել, քանի որ այդ նիստից հետո Վազգեն Սարգսյանը այցելում է Մեղրի և հայտարարություն անում, որ Մեղրին ուղղակի հայրենիքի մի հողակտոր չէ, Մեղրին աշխարհը մեր դուռը բերող է և Մեղրին պայթելու է Երևանի կենտրոնում: Այսինքն ՝ ոչ միայն արձանագրում է, այլև՝ սպառնում է, ասում է, որ Մեղրիի թեման Երևանի կենտրոնում պայթելու է: Եվ Մեղրին պայթում է Երևանի կենտրոնում,  տեղի է ունենում մի փոքր այլ տրամաբանությամբ. 1997-ի հոկտեմբերի 27-ին նախկին դաշնակցական Նաիրի Հունանյանը մտնում է ԱԺ և գնդակահարում Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Լեոնարդ Պետրոսյանին, Հայկ Քոթանյանին, բայց իհարկե հիմնական թիրախը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն էին»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ Մեղրիի տարբերակի մասին վկայել են նաև Պաշպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը և Վազգեն Սարգսյանից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Արամ Սարգսյանը:

 «Դիմադրությունից հետո այդ տարբերակը ձևափոխվում է, դառնում է ճանապարհ և այլն: Բայց արդյունքում տեղի չի ունենում: Եվ ըստ էության կարող ենք արձանագրել, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն իրենց կյանքի գնով փրկում են Մեղրին»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ փաստաթղթում Շուշիի շրջանը առանձնացվում է ԼՂ ինքնավար մարզից և Լաչինի շրջանի հետ դրվում է նույն շարքի մեջ: «Բանակցային տրամաբանությունը չի հեռանում, չի կորում: Եվ այս վերջին շրջանի իրադարձություններն էլ դրա մասին են: 1999 թվականին Ղազախի շրջան է գրված: Շուշին առանձնացված է ԼՂ-ից: Ես ասում եմ, որ Շուշիի հարցը միշտ եղել է: Սա ապացույց է, որ եղել է»,-հավելեց նա:

Փաշինյանը խոսեց նաև 1999-ի նոյեմբերի 30-ին Ստամբուլում ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովում Եվրոպայում անվտանգության խարտիայի քննարկման մասին: Նա նշեց, որ դրանում ՀՀ-ն կողմ է քվեարկել մի փաստաթղթի, որի 19-րդ հոդվածից մեջբերում արեց. «Մարդու իրավունքների, ներառյալ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների նկատմամբ լիարժեք հարգանքը, բացի այն բանից, որ դա ինքնին նպատակ է, չպետք է խաթարի, այլ պետք է հակառակը՝ ամրապնդի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ինքնավարության տարբեր հայեցակարգերը, ինչպես նաև վերոհիշյալ փաստաթղթում նշված այլ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ԵԱՀԿ սկզբունքներին, ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական և կրոնական ինքնության պաշտպանության և խթանման միջոցներ են գոյություն ունեցող պետության ներսում»:

Փաշինյանը նշեց. «Սա նշանակում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է պաշտպանվեն, բայց նրանք մնան այդ գոյություն ունեցող պետության կազմում: Գոյություն ունեցող պետությունն Ադրբեջանն է»:

Ըստ Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանը նախագահ դառնալուց հետո 2 տարվա ընթացքում, ըստ էության, Ադրբեջանի բոլոր ակնկալիքները բավարարել է՝ առաջինը Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս թողնելով, երկրորդը՝ Մեղրիի՝ իր մեջբերած փաստաթղթով: Փաշինյանի խոսքով՝ Քոչարյանը սա արել է շատ պարզ պատճառով, քանի որ 1998 թվականին ապօրինի է ընտրվել ՀՀ նախագահ, նրա պնդմամբ՝ 1998-ի ընտրությունները կեղծվել են, և դա արել է իր իշխանությունը լեգիտիմացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am