Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

Մակունցը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը, «Իմ քայլին» և ժողովրդին

Մակունցը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը, «Իմ քայլին» 
և ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խորհրդարանի արձակումից առաջ շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընդդիմությանը՝ համատեղ աշխատանքի, «Իմ քայլը» խմբակցության անդամներին ու ժողովրդին՝ իշխանությանը քննդատելու ու սատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը:

«Կարծում եմ՝ առիթ է, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության անունից շնորհակալություն հայտնեմ խորհրդարանական ընդդիմությանը՝ չնայած այն հանգամանքին, որ մենք տարբեր հարցերում ունեցել են շատ տարաձայնություններ՝ միևնույն խնդրի լուծումը գտնելու համար»,-ասաց նա:

Մակունցը հիշեցրեց ընդդիմության կողմից նախաձեռնված ու ընդունված օրենքների քանակը՝ նշելով, որ դա ևս վկայում է համատեղ աշխատանքի մասին: Մակունցը շնորհակալություն հայտնեց նաև «Իմ քայլը» խմբակցությանը: «Հատկապես վերջին ամիսների ընթացքում պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունը քաջ գիտակցել է այն պատասխանատվությունը, որը կրում է երկրում կայունություն ապահովելու և երկիրն անցնցում պահելու համար, որը կարող էր հանգեցնել արտաքին, անվտանգային սպառնալիքների և կամք դրսևորել՝ հարթ կերպով, դժվարություններով այս հանգրվանին հասցնել»,-ասաց նա:

Նա շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին: «Որովհետև այս ընթացքում, որտեղ պետք է քննադատել եք, որտեղ պետք է, սատարել եք, որտեղ սխալվել ենք, փորձել եք ուղղել մեր սխալները, որովհետև հավատացել եք, որ եթե մեզ քննադատեք, մենք ականջալուր ենք լինելու ձեր քննադատություններին: Այո, գուցե սխալվել ենք ու թերացել որոշ դեպքերում՝ ինչպես բոլոր իշխանությունները: Բայց մենք մեզ պատվիրակված գլխավոր հանձնառությունը կատարել ենք՝ դուք մեզ պահ եք տվել ամենաթանկը՝ ձեր իշխանությունը, որը մենք թույլ չենք տվել ֆիզիկական, բարոյական, ինչպես նաև կյանքի սպառնալիքի ներքո խլել ձեզանից: Եվ այսօր մենք ձեզ պատկանող իշխանությունը ձեզ ենք վերադարձնում»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հավաստիացրեց, որ որպես ժողովրդի մանդատը կրող քաղաքական մեծամասնություն՝ իրենք հաստատակամ են ՀՀ-ում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ՝ վստահեցնելով, որ ժողովրդի կամքի ոտնահարման ցանկացած փորձ ընտրությունների ընթացքում վստահաբար արժանանալու է ամենախիստ արձագանքին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ