Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Երեմյան ակադեմիան» և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հանուն արցախցիների կրթության

«Երեմյան ակադեմիան» և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հանուն 
արցախցիների կրթության

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միշտ էլ շատ եմ սիրել խոհանոցը, բայց «Երեմյան ակադեմիայում» սովորելիս հասկացա, որ մինչ այդ շատ գործողություններ սխալ էի անում: Հիմա  արդեն նույնիսկ ուրիշների պատրաստածին մասնագիտական աչքով եմ նայում ու  գնահատում՝ արդյոք ճիշտ են կտրատել մթերքը, համեմել և այլն: Խոհանոցում միշտ նորը բացահայտելու և ավելին իմանալու հնարավորություն կա»,-պատմում է 19-ամյա Արգինեն, ով «Երեմյան ակադեմիայում» հատուկ արցախցիների համար կազմակերպված դասընթացի մասնակիցներից մեկն է: Ասում է՝ առաջին իսկ օրվանից և ուսումնառության ամբողջ ընթացքում  Ակադեմիայի ամբողջ թիմը մեծ սիրով ու ջերմությամբ է ընդունել, փոխանցել գիտելիքներ, որոնք պետք են գալու ամբողջ կյանքի ընթացքում:

2020 թվականին, արցախյան պատերազմի ժամանակ ինչպես «Երեմյան Փրոջեքթսն» ամբողջությամբ, այնպես էլ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան ներգրավվեց Արցախից տեղահանված մեր հայրենակիցների  աջակցության ծրագրերին: Պատերազմի ընթացքում մշակվեցին և հաջողությամբ իրականացվեցին կարճաժամկետ հատուկ դասընթացներ, որոնք ներառում էին «Երեմյան ակադեմիայի»  գրեթե բոլոր բաժինները՝ խոհարարական արվեստ, հրուշակագործություն, ռեստորանային սպասարկում և մենեջմենթ: 

 

«Երեմյան ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանն ասում է, որ արցախցիների համար ծրագրերն  այդքանով չսահմանափակվեցին.

«Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հետ միասին քննարկեցինք նախագծի շարունակականության ապահովումն ու նոր ծրագիր գործարկեցինք: Այս ընթացքում   «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց արցախցիներին օգնություն տրամադրելու «Ավրորան՝ Արցախին» նախագծի մասին, որի արդյունքում կայացավ մեր համագործակցությունը: Արցախցի մասնակիցներով արդեն մեկ խումբ արտոնյալ պայմաններով ավարտել է «Խոհարարական արվեստ. սկսնակների համար» դասընթացը, շուտով կհյուրընկալենք ևս մեկ խումբ: Կարծում եմ, այս համագործակցությունը շատ կարևոր է այսօր և կօգնի մեր հայրենակիցներին հետագայում զբաղվածության խնդիրը լուծել կամ դառնալ բարձրորակ գիտելիքներով, պահանջված մասնագետ: Ուրախությամբ փաստեմ, որ մասնակիցներից շատերն արդեն իսկ ցանկություն են հայտնել իրենց մասնագիտական կարիերան շարունակել այս ոլորտում»:

Ծրագրի մեկնարկից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բարեգործական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլա Ստանիշն այցելել է «Երեմյան Ակադեմիա», հետևել դասերի ընթացքին և քննարկել նմանատիպ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը.

«Կարծում ենք ծրագիրը կօգնի սոցիալական խնդիրների երկարաժամկետ լուծմանը և նպատակ ունի զարգացնել  մասնակիցների ունակությունները խոհարարության ոլորտում՝ հետագայում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու և կայանալու համար: Ակադեմիայում շրջայցի ժամանակ ծանոթացանք այստեղ ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, ինչպես նաև քննարկեցինք հետագա հնարավոր համագործակցությունները»,- նշում է Նիկոլա Ստանիշը:

Ծրագրի շահառուների տվյալների հավաքագրումն իրականացվել է Արցախի Հանրապետության կառավարության և Արցախի ԿԳՄՍ նախարարության միջոցով: Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշում է.

«Նախագիծը, ողջունելի է  և, անշուշտ, իր նպաստը կբերի մեր հայրենիքը պրոֆեսիոնալ մասնագետներով համալրելու կենսական գործում: Այսօր մենք բոլորս լուրջ անելիքներ ունենք հատկապես տեղահանված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման, նրանց հոգսերի թեթևացման  գործում: Այս համատեքստում, «Երեմյան ակադեմիայի» և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, ըստ ամենայնի, լուրջ ներդրում է, որն արդեն իսկ աչքի է ընկնում իր արդյունավետությամբ: Համոզված եմ՝ ծրագիրն օգնելու է տեղահանված ընտանիքների երեխաներին հեշտությամբ կողմնորոշվել աշխատաշուկայում և ունենալ պահանջված մասնագիտություն»:

«Երեմյան ակադեմիայում» ստեղծված ջերմ ու հյուրընկալ միջավայրում մասնակիցներն Ակադեմիայի  պրոֆեսիոնալ մասնագետների հետ ուսումնասիրում են խոհարարական գործ, խոհանոցում  աշխատելու անվտանգության կանոններ, սննդի անվտանգությանն ու նորմերին վերաբերող տարբեր թեմաներ: Իսկ արդեն Ակադեմիայի ժամանակակից խոհանոցում և սրճարանում տեսական  գիտելիքները կիրառում պրակտիկ փորձով:

Շահումյանի շրջանից Երևան տեղափոխված Արմինե Միրզախանյանը նշում է.

«Ակադեմիայի շատ հաճելի մթնոլորտը, ղեկավար  կազմի և խոհարարների հոգատար ու ջերմ վերաբերմունքը մեզ օգնեցին ինչ-որ կերպ կտրվել առօրյա հոգսերից ու մեծ հաճույքով հաճախել դասերին:  Բայց որ ամենակարևորն է՝ մենք նոր  գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցինք: Շնորհակալ ենք «Երեմյան ակադեմիային» և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն այս հնարավորության համար. ծրագիրն իսկապես մեզ շատ անհրաժեշտ էր»:

Առաջիկայում  «Երեմյան ակադեմիան» կհյուրընկալի արցախցիների ևս մեկ խումբ:

***

«Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության «Երեմյան ակադեմիա»-ն հիմնադրվել է 2019 թվականին: Ակադեմիան նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում գործող մասնագետների համար, որտեղ իրականցվում են  տարբեր տևողության և ձևաչափերի կրթական ծրագրեր։

Ակադեմիայում դասավանդում են լավագույն խոհարարներն ու մասնագետները, ովքեր պատրաստում և վերապատրաստում են խոհարարների, մատուցողների, սպասարկման ոլորտի անձնակազմի, դարձնելով ռեստորանային և հյուրընկալության ոլորտների բարձրակարգ կադրեր ոչ միայն տեղական, այլև միջազգային աշխատաշուկայի համար: Երեմյան Ակադեմիան գերհագեցած է աշխարհի առաջադեմ ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական տեխնիկայով:

Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի ուսանողները յուրացնում են ինչպես նեղ  մասնագիտական տեսական և գործնական առարկաներ, օտար լեզուներով շփման մշակույթ և սպասարկում,  այնպես էլ ձեռք են բերում առաջնորդության, հաղորդակցության, խոհարարական  ու սպասարկման ոլորտներում պահանջվող այլ հմտություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]