Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Պուտինը Հայրենական պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին

Պուտինը Հայրենական պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ 
շնորհավորել է Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական Մեծ պատերազմում  հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախկին ԽՍՀՄ մաս կազմող երկրների առաջնորդներին և ժողովուրդներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Պուտինն ընդգծել է, որ Հաղթանակի օրը հպարտության և երախտագիտության հատուկ զգացումով ենք հիշում մեր հայրերի ու պապերի սխրանքները, ովքեր ուս ուսի տված արիաբար պայքարեցին թշնամու դեմ:

«Այսօր մեր բարոյական պարտքն է խնամքով պահպանել և գալիք սերունդներին փոխանցել այդ տարիների իրադարձությունների մասին հիշողությունը: Պետք է միասին վճռականորեն պայքարենք պատմությունը խեղաթյուրելու և կեղծելու, Մեծ Հայրենական պատերազմի արդյունքները վերանայելու, նացիստների սարսափելի հրեշավորություններն արդարացնելու ցանկացած փորձի դեմ»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ եղբայրական բարեկամության և փոխօգնության ավանդույթները, որոնք ամրացել են պատերազմական տարիներին, եղել են և շարունակում են մնալ հիմք երկրների միջև կառուցողական, բարիդրացիական հարաբերությունների կառուցման և զարգացման համար:

Պուտինն իր անկեղծ երախտագիտության խոսքն է հղել  հայրենական պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն, երկարակեցություն:

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանից բացի շնորհավորական ուղերձներ են հղվել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի առաջնորդներին և քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]