Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Դատական գործերի նվազում, ֆիզիկական բռնության աճ. ԽԱՊԿ-ը՝  ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

Դատական գործերի նվազում, ֆիզիկական բռնության աճ. ԽԱՊԿ-ը՝  ԶԼՄ-ների 
իրավունքների խախտումների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2021թվականի առաջին եռամսյակն առանձնացավ լարված մթոնոլորտով և բարենպաստ ժամանակաշրջան չէր լրատվամիջոցների գործունեության համար: Հետպատերազմյան իրավիճակ էր, քաղաքական լարված մթնոլորտ էր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացնելով եռամսյակային զեկույցը, նշեց, որ նկատելի աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը: Դրանք հիմնականում գրանցվել են զանգվածային միջոցառումների, բողոքի ակցիաների ժամանակ: 2020 թվականի նույն ժամանակահատվածում նման դեպք չէր գրանցվել, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակում՝ 2 դեպք:

Ի տարբերություն ֆիզիկական բռնության դեպքերի թվի, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասով դեպքերի նվազում է նկատվում: Մասնավորապես, եթե 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է նման 20 դեպք, ապա 2020 թվականի նույն ժամանակահատվածում այդ դեպքերի թիվը 50 էր, 2019 թվականի առաջին եռամսյակում՝ 41 դեպք:

«Թեպետ այս տարվա առաջին եռմասյակում նման դեպքերի թվի կրճատում է նկատվում, միևնույն է արձանագրված ցուցանիշը ևս մտահոգիչ է: Ճնշումները կարող են դրսևորվել տարբեր սպառնալիքներով, ինչպես նաև վիրավորական արտահայտություններով, արհամարհանքով խոչընդոտելով լրատվամիջոցների գործունեությանը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Նախորդ տարիների առաջին եռմասյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ցածր ցուցանիշ է գրանցվել նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների հետ կապված: Մասնավորապես, 2021 թվականի առաջին եռամսյակում նման դեպքերի թիվը կազմել է 15, այնինչ՝ 2020-ի նույն ժամանակահատվածում դա 21 էր, 2019-ին՝ 51: Այստեղ Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրատվամիջոցները, լրագրողները շարունակում են դժգոհել պետական գերատեսչությունների աշխատանքից: Հիմնական խնդիրն այն է, որ անհարկի ձգձգում են ԶԼՄ-ների հարցումներին պատասխանելու գործընթացը:

Լրատվամիջոցների դեմ դատական գործերի ցուցանիշներում ևս նվազում է նկատվում: Մասնավորապես, 2021 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 12 այդպիսի դեպք, որոնցից 10-ը վիրավորանքի և զրպարտության հիմքով է: 2020 թվականի առաջին եռամսյակում այդ ուղղությամբ գրանցվել է 14 դեպք, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 29 դեպք: Արդյո՞ք դատական գործերի այս դինամիկան խոսում է լրատվամիջոցների «խոսափողը» փակելու մասին, թե պարզապես վեճերը քաղաքակիրթ ճանապարհով են սկսել կարգավորվել:

«Հետհեղափոխական շրջանում լրագրողների նկատամամբ բռնությունները շեշտակի նվազել էին: Սա առաջին ալիքն է, որ այսպիսի դեպքեր արձանագրվեցին: Երբ մինչ այս տեսնում ենք ֆիզիկական բռնությունների նվազումը, բայց դատական գործերի թվի աճը, իսկապես այդ փաստարկն էինք բերում, որ մարդիկ գերադասում են հարցերը լուծել դատարանում, ոչ թե բռունցքներով: Տվյալ իրավիճակում կարող եմ ասել, որ իրավիճակն այնպիսին է, որ դժվար է պատկերացնել առանց դատական հայցերի հոսքի, որովհետև տեղեկատվական դաշտում շարունակում են շատ լայն տարածում ունենալ ատելության խոսքը, վիրավորանքն ու զրպարտությունը, մանիպուլյացաները, և օբյեկտիվորեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլև շարքային քաղաքացիներն են դիմում դատարան»,- ասաց Աշոտ Մելիքյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]