Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Գիրքը՝ բալասան». Հայաստանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

«Գիրքը՝ բալասան». Հայաստանում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության զարգացման գործում գրքի և գրադարանների դերն ու նշանակությունն ընդգծելու, կարևորելու նպատակով ապրիլի 12-19-ը Հայաստանում կանցկացվի Ազգային գրադարանային շաբաթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գիրքը՝ բալասան»  խորագրով շաբաթվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 12-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հիշեցրեց, որ Գրադարանային շաբաթն անցկացվում է հոբելյանական՝ 20-րդ անգամ։  Ըստ նրա՝ նախաձեռնության շրջանակում կազմակերպվող միջոցառումները պետք է միտված լինեն  գրադարանների գործունեության իրազեկմանը:

«Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի միջոցառումների այս տարվա «Բարի գալուստ քո գրադարան» խորագիրը մտածելու տեղիք տվեց. պարզվեց, որ մեր համայնքների բնակիչներից շատերն անգամ չգիտեն, որ իրենց համայնքներում կան գրադարաններ, չգիտեն, թե ինչով են զբաղված գրադարանները, ինչ ծառայություններ են մատուցում: Այս խնդիրը դարձավ պատճառ, որ Ազգային գրադարանը շաբաթը նշի «Յոթ օր, յոթ  գրադարան»  խորագրով և ներկայացնի Երևանի համայնքային գրադարաններից յոթը»,-տեղեկացրեց Չուլյանը:

Նրա խոսքով՝ Ազգային գրադարանը շաբաթվա ընթացքում փորձել է ներգրավել  տարբեր գրադարանների գրադարանավարների և ընթերցողների: «Մենք կարևորել ենք Հայաստանի համահավաք գրացուցակի հնարավորությունը և դրա կարգավորումները: Բոլորս գիտենք, որ գրացուցակն այսօր մեծ դեր ունի ոլորտում որպես տեղեկատվական որոնման, ֆոնդերի ու շտեմարանների հասանելիությունն ապահովող գործիք: Պատրաստել ենք վեբինարներ, լինելու է դասընթաց ընթերցողների համար: Դասընթացի շրջանակում ներկայացվելու է, թե ինչպես պետք է օգտվել գրացուցակից, ինչպես գիրքը պատվիրել առցանց, ինչպես գրանցվել  և այլն: Մենք ունենք նաև դասընթաց մեր գրադարանավարների համար: Իրազեկման շաբաթը պետք է լինի փորձի փոխանակման շաբաթ»,-նշեց Չուլյանն ու հավելեց, որ մարզային գրադարանավարների համար  առանձին վեբինար է նախատեսվում:

Ապրիլի 19-ին գրադարանի մեծ ընթերցասրահում բացվելու է ամերիկյան  գրականության անկյուն, տարվա հոբելյաններին նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող ոչ նյութական  մշակութային ժառանգության մաս կազմող արժեքներին վերաբերող տարբեր զեկուցումներ են ներկայացվելու:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Միջոցառմանը ցուցադրվեցին Ազգային գրադարանային շաբաթների քսան տարվա պատմությունը ներկայացնող պաստառները: Որպեսզի դրանք չկորեն, գրադարանի կայքում ավելացել է «Հայաստանի ազգային գրադարանային շաբաթ» բաժինը, որտեղ զետեղվելու են հավաքված նյութերը: Գրադարանի YouTube-ի էջում էլ զետեղելու են Հայաստանի ազգային գրադարանային շաբաթին վերաբերող հոլովակներ:

«Շաբաթն ավարտելուց հետո պետք է մտածել, թե ինչ ենք պատրաստվում անել, ինչ ուղղությամբ ենք աշխատելու: Կարծում եմ՝ գրադարանների գործունեության իրազեկման շաբաթը պետք է ակտիվ լինի. դպրոցների գրադարանավարներին ներգրավելու անհրաժեշտություն կա: Պետք է մտածել, թե ընդհանրապես ինչ ծրագրեր ենք պատրաստում, որ փոխենք գրադարանային շաբաթի ձևաչափը»,-ընդգծեց Աննա Չուլյանը:

Միջոցառմանը Չուլյանը պատվոգրեր հանձնեց Ազգային գրադարանային շաբաթի հիմնադիր անդամներ Ներսես Հայրապետյանին, Ֆաթմա Խաչատրյանին, Ռաֆիկ Ղազարյանին, Հասմիկ Կարապետյանին, Դավիթ Սարգսյանին, Սաթենիկ Ավագյանին, Տիգրան Զարգարյանին, Մադլեն Հովսեփյանին, Աննա Շիրինյանին, Սիլվա Նատալի Մանուկյանին, Մարիետա Ամիրխանյանին:

Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպում և անցկացնում է Հայկական գրադարանային ասոցիացիան 2002 թվականից: 2002 թվականի ապրիլի 14-20-ը, երբ Հայաստանում անցկացվել է առաջին Ազգային գրադարանային շաբաթը, հանդիսավոր բացումը դարձյալ տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։ Միջոցառմանը մասնակցել և ելույթներ են ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, գրողներ, արվեստագետներ, դիվանագետներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am