1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանում կբարձրացնի հայ ռազմագերիների, Ադրբեջանի վանդալիզմի հարցերը

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանում կբարձրացնի հայ 
ռազմագերիների, Ադրբեջանի վանդալիզմի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանում, որը կմեկնարկի ապրիլի 19-ին, հայկական պատվիրակության անդամների՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հիմնական խնդիրը կլինի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի բարձրացումը՝ հնարավոր բոլոր ձևաչափերում, գերակա հարցերից է նաև Ադրբեջանի վերահսկողոթյան տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ հայտնեցին առաջիկա նստաշրջանում սպասվող աշխատանքներից:

«Բնականաբար թիվ մեկ խնդիրը շարունակելու է մնալ գերիների հիմնահարցի բարձրացումը տարբեր հնարավոր ձևաչափերով՝ և՛ լիագումար նիստի շրջանակում, և՛ հանձնաժողովների նիստերի շրջանակում, և՛ քաղաքական խմբերում: Կարևոր խնդիրներից են նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, որոնք նորություն չեն, բայց շատ հստակ մշակված քաղաքականության շարունակությունն են: Այս հարցը ևս գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հիբրիդային ձևաչափով անցկացվելիք նստաշրջանին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով ֆիզիկապես ներկա կլինի Ստրասբուրգում: Պատվիրակության անդամները վստահեցնում են, որ փորձելու են մաքսիմալ օգտագործել այդ 4 օրերը՝ պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը ներկայացնելու՝ նաև ակնկալելով Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ համապատասխան գնահատականներ: Պատվիրակության  անդամները ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինչպես ամեն անգամ, այնպես էլ այս անգամ նստաշրջանի շրջանակում կլինեն ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ տարբեր երկրների պատգամավորների հետ:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ միանշանակ հնարավոր է ԵԽԽՎ հարթակում մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ ռազմագերիների հարցով: «Եվ մենք ամեն ինչ պետք է անենք՝ ԵԽԽՎ հարթակում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, որովհետև Ադրբեջանը պարտավոր է կատարել Ժնևի երրորդ կոնվենցիայի դրույթները, որը ենթադրում է ռազմագերիների և բոլոր գերեվարված անձանց վերադարձ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Սակայն Ադրբեջանը համառորեն չի անում դա»,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ եվրոպական դատարանն արդեն դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ առաջարկելով միջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել հայ ռազմագերիների և գերեվարված անձանց մասին հստակ տեղեկատվություն:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գրեթե չկա օր, որ մենք ադրբեջանական վանդալիզմի որևէ ակտի ականատես չլինենք»,-ասաց նա ու կարևորեց նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի հարցի բարձրացումը ԵԽԽՎ-ում: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար, ԵԽԽՎ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հայտարարությանն առ այն, թե Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու, և իբր Ստեփանակերտում գրասենյակի տեղ են փնտրում՝ Զոհրաբյանն ասաց՝ չի կարծում, թե Թուրալ Գյանջալիևն այն կերպարն է, որին արժե անդրադառնալ ԵԽԽՎ բարձր ամբիոնից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ գերիների հարցը քննարկման առարկա դառնա, սակայն թե կոնկրետ որ ձևաչափում, պարզ կլինի միայն ապրիլի 19-ին: «Մենք մեր ունեցած բոլոր մեխանիզմները, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ օգտագործելու ենք»,-շեշտեց նա:

Մարուքյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն այս պահին միակ հարթակն է մնացել, որտեղ հարցը ազդեցիկ ձևով ներկայացվում է: «ԵԽԽՎ-ն միակ մարմինն է, որտեղ ներկայացված են 47 երկրների ազգային խորհրդարաններ, մարդիկ, որոնք իրենց երկրի ներսում ազդեցություն ունեն պետական օրակարգի վրա: Դրա համար այդ մարդկանց վրա լոբբինգ անելն ազդում է 47 անդամ պետության արտաքին քաղաքականության վրա»,-ասաց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը ևս այն կարծիքին է, որ խորհրդարանական դիվանագիտությունը դիվանագիտության կարևոր օղակներից է: «Այն երբեմն շատ ավելի անմիջական շփման հնարավորություն է տալիս, և իսկապես ճիշտ կիրառելու դեպքում կարող է շատ շոշափելի արդյունքներ գրանցել: Եվ մենք էլ փորձում ենք մաքսիմալ այդ հարթակը օգտագործել, դրանցից կարևորագույններից է ԵԽԽՎ հարթակը»,-ասաց նա:

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի շրջանակում նախատեսված են մի քանի կարևոր հանդիպումներ, հարց ու պատասխաններ: Ելույթով հանդես է գալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, քննարկում է լինելու նաև Թուրքիայում մարդու իրավունքների հիմնահարցի թեմայով: Միգրացիայի հարցերով հանձնաժողովում, որտեղ ներկայացված են Տաթևիկ Հայրապետյանն ու Նաիրա Զոհրաբյանը, քննարկվելու է պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ իսլանդացի պատգամավորի զեկույցը: Պատգամավորները հանձնաժողովներում այդ հարցերի բարձրաձայնումն իսկապես շատ կարևոր համարեցին, որ դրանք հետագա արձագանքներ ստանան նաև լիագումար նիստի շրջանակներում: Նրանք վստահեցրին՝ մի քանի հստակ խնդիրներ են դրել իրենց առաջ և փորձելու են մաքսիմալ արդյունք գրանցել:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը թե պատերազմի ընթացքում, թե հրադադարի հաստատումից հետո թիրախավորել է հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության նմուշները: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը երկու անգամ հրթիռակործել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Հետո, արդեն օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, ադրբեջանցիները հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նրանք ավերել են նաև Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]