Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Երեմյան ակադեմիան» վայր է, ուր ուսանողները միշտ ցանկանում են վերադառնալ

«Երեմյան ակադեմիան» վայր է, ուր ուսանողները միշտ ցանկանում են վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքսթը» գործարկեց Հայաստանում եզակի ուսումնական կենտրոն՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան: «Երեմյան ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի հետ զրուցել ենք կատարված աշխատանքների, ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես նպատակ է ունեցել ստեղծել այնպիսի ուսումնական կենտրոն, որը հնարավորություն կտար տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները փոխանցել սերունդներին և նպաստել խոհարարի մասնագիտության դերի ու նշանակության բարձրացմանը: Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան «Երեմյան Փրոջեքթս»-ի այդ երազանքի իրականացումն է:

Ակադեմիայի երեք հիմնական ուղղություններով ծրագրերն ու դասընթացները մշակել ենք  միջազգային փորձն ու նմանատիպ կենտրոնների հաջողված պատմությունները համադրելով հայկական շուկայի առանձնահատկություններին ու պահանջարկին:

Կարծրատիպեր կոտրելով. ոչ ֆորմալ կրթության առավելությունները

Մեր հասարակությունում ընդունված կարծրատիպ կա, որ միայն ֆորմալ բարձրագույն կրթությունը կամ որևէ բուհ ավարտելն է երաշխավորում հետագայում լավ մասնագետ դառնալն ու աշխատանք գտնելը: Մինչդեռ ոչ ֆորմալ կրթությունը ոչնչով չի  զիջում  և ունի  մի  շարք  առավելություններ: Համաշխարհային փորձը  ցույց է տալիս, որ նմանատիպ առաջադեմ կենտորնների դասընթացների շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում դառնալ կոնկրետ ուղղվածությամբ պրոֆեսիոնալ ու պահանջված մասնագետ:

Մեր 2 տարվա ձեռքբերումներն ուղղակիորեն պայմանավորված են Ակադեմիայի առանձնահատկություններով: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ ֆորմալ կրթության դաշտում ունեցած իմ փորձի արդյունքում ինչ տեսել եմ արտերկրում, գրեթե նույնությամբ, բարձր մակարդակով ու պրոֆեսիոնալիզմով ուսուցում է կազմակերպվում «Երեմյան Ակադեմիայում»:

«Երեմյան ակադեմիան» եզակի է Հայաստանում և տարածաշրջանում իր ձևաչափով՝ որպես  ոչ ֆորմալ կրթության գերազանցության կենտրոն, և՜ իր ուղղվածությամբ, և՜ ընտրված մասնագիտությունների ցանկով՝ խոհարարական արվեստ, ռեստորանային բիզնեսի կառավարում և այլն: Ակադեմիայում կազմակերպվող ոչ ֆորմալ ուսուցումը հնարավորություն է տալիս օգտագործել վերջինիս հնարավորություններն ու գործիքակազմը և կարճ ժամանակահատվածում պատրաստել գործատուի պահանջներին համապատասխան  բարձրորակ  կադրեր:

Երեմյան ակադեմիայում դասավանդելու համար համախմբել ենք լավագույններին, ովքեր իրենց ոլորտում կայացած, միջազգային  տարբեր մրցույթների մասնակցած և հաջողություններ գրանցած մասնագետներ են: Թիմը ոչ միայն ունի գիտելիքների հարուստ բազա և տարիների փորձառություն, այլև հմուտ է այդ ամենն արդյունավետորեն ու առավելագույնս հասկանալի փոխանցելու գործում, ինչը, կարծում եմ, կարևոր առավելություն ու առանձնահատկություն է: Տեսական գիտելիքը գործնական դաշտում կիրառելու համար համապատասխան պայմաններ են պետք: Այս առումով էլ նշեմ, որ Ակադեմիան հագեցած է ժամանակակից նյութատեխնիկական բազայով, աշխարհի առաջադեմ ռեստորանների ժամանակակից խոհանոցներում օգտագործվող նորարարական սարքավորումներով:

Շուրջ 700 ուսանող և ավելի  քան 30 լրացուցիչ  կրթական ծրագիր 2 տարվա ընթացքում

Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ փաստեմ, որ Ակադեմիան ուսանողների համար դառնում է ոչ միայն զուտ կրթական վայր, այլև հոգեհարազատ մի միջավայր, ուր միշտ ուզում են վերադառնալ: Մեր շրջանավարտներից շատերն ավարտելուց  հետո մշտապես հյուր են  գալիս,  պատմում իրենց  ձեռքբերումների,  հաջողությունների մասին: Ի դեպ, նմանատիպ պատմությունները քիչ չեն. շատերն արդեն իրենց սեփական բիզնեսն են հիմնել՝ փոքրիկ սրճարաններ, ռեստորաններ, սննդի  կետեր: Իսկ  մեր դասավանդող թիմն էլ միշտ մեծ սիրով ու պատրաստակամությամբ օգնում է նրանց խորհուրդներով, դիտարկումներով: Ունենք  ուսանողներ, ովքեր գալիս են ռեստորանային բիզնեսի կառավարում դասընթացին, հետո վարակիչ էֆեկտով անցնում են բոլոր ծրագրերով՝ խոհարարություն, հրուշակագործություն: Սա, իհարկե, առավելություն է տալիս նրանց, որովհետև նրանք էլ գիտակցում են, որ  հաջողված բիզնես ունենալու համար պետք է տիրապետել ռեստորանի կառավարման բոլոր գաղտնիքներին:

Նշեմ, որ վերջին մեկ տարում աճել է նաև հրուշակագործության դասընթացների պահանջարկը, որովհետև շատերը սովորելուց հետո այն զարգացնում են որպես առանձին ուղղություն  և կարողանում են իրենց սեփական փոքրիկ բիզնեսը հիմնել:

«Երեմյան ակադեմիայի»՝ որպես ուսումնական կենտրոնի արձագանքը ճգնաժամերին

Ի տարբերություն կրթական մյուս կառույցների, որոնք կարող էին իրենց ծրագրերը վերափոխել և հարմարեցնել առցանց համակարգին, մեր դեպքում դա արդյունավետ չէր լինի: Մենք ևս ամիսներ շարունակ չենք աշխատել, ուսանողներին չենք  ընդունել: Մեզ համար առաջնայինը որակ ապահովելն է, և առավելագույն արդյունքի կարող ենք  հասնել միայն  գործնական  դասերի, տեղում կատարվող փորձերի շնորհիվ: Ուստի, ավելի նպատակահարմար գտանք  դասընթացները  հետաձգելը: Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել մեր ուսանողների ու  շրջանավարտների դերը, ովքեր այդ ընթացքում մեզ քաջալերում, ոգևորում էին, մեզ հետ միասին համբերատար սպասել են, մինչև բնականոն  հունին վերադառնալը և կրկին սիրով հաճախել են դասերին:

«Երեմյան ակադեմիայի» ուսանողները՝ հայկական խոհանոցի դեսպաններն ամբողջ աշխարհում

Մեր գործունեության ընթացքում մշտապես սկզբունքային է արժեք ստեղծելը, և պատահական չէ, որ մեր հիմնական  ծրագիրն էլ հենց  կոչվում է խոհարարական արվեստ, որովհետև այո´, մենք գործ ունենք ոչ թե զուտ մասնագիտության, այլ  արվեստի  և մշակույթի  կարևոր մասնիկի հետ: Գաղտնիք չէ, որ մեր հարուստ մշակույթում իր ուրույն տեղն ու առանձնահատուկ դերն ունի հայկական խոհանոցը, մեր ուտեստներն ու ավանդույթները: Մենք  մեր գործունեության հիմքում դրել ենք խոհարարությունը ոչ թե զուտ մասնագիտություն զարգացնելը, այլ որպես  արվեստ ընկալելն ու տարածելը:

Արվեստի հետ այս կապն ամրապնդելու համար մեր ծրագրերը մշակելիս պարտադիր կոմպոնենտ ենք համարել հայկական ազգային խոհանոցի, տարբեր  ծեսերի, ուտեստների ուսումնասիրությունը: Մեր ուսանողներն ինքնստինքյան դառնում են հայկական խոհանոցի  դեսպաններն ամբողջ աշխարհում, և տարբեր խոհանոցներ Հայաստանում պատշաճ  ներկայացնողները, քանի որ ուսումնասիրում և տիրապետում են  նաև եվրոպական, ասիական  և այլ խոհանոցների գաղտնիքներին:

Հատուկ ծրագրեր Արցախցիների համար

2020 թվականին արցախյան պատերազմի ժամանակ ինչպես «Երեմյան Փրոջեքթս»-ն ամբողջությամբ, այնպես էլ Ակադեմիայով փորձեցինք մեր աջակցությունն ունենալ և մշակեցինք կարճաժամկետ հատուկ ծրագրեր Արցախից տեղահանվածների համար: 

Արցախցիների համար ծրագրերն այսքանով չսահմանափակվեցին: Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի հետ միասին նաև քննարկեցինք ծրագրի շարունակականության ապահովումն ու նոր ծրագիր գործարկեցինք: Այս ընթացքում   Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց Արցախցիներին օգնություն տրամադրելու ծրագրի մասին, որի արդյունքում կայացավ մեր համագործակցությունը: Արդյունքում՝ այսօր արդեն արցախցի մասնակիցներով մեկ խումբ «Երեմյան ակադեմիայի» կողմից տրված արտոնյալ պայմաններով ավարտել է «Խոհարարական արվեստ. սկսնակների համար» ծրագիրը: Առաջիկայում կհյուրընկալենք ևս մեկ խումբ:

Մի քանի գաղտնիք առաջիկա ծրագրերի մասին

Հաճախ էինք առաջարկներ ու հարցեր ստանում այն մասին, թե ինչու գործունեություն չենք ծավալում հյուրանոցային ոլորտում, որովհետև ըստ էության HoReCa  ոլորտը դա ևս ներառում է: Բացի դա, հյուրանոցային գործում մեծ նշանակություն ունի նաև ռեստորանում սնունդն ու դրա անվտանգությունն ապահովելը: Շուտով կգործարկենք մեր հատուկ մշակված ծրագիրը  հենց հյուրանոցային ոլորտի համար: Ունենք մասնագետներ, ովքեր մեծ փորձառություն ունեն եվրոպական ու հայաստանյան հայտնի հյուրանոցներում, և պատրաստ են իրենց գիտելիքները ներդնել Հայաստանում ոլորտի զարգացման գործում:

Առաջիկա ծրագրերում նախատեսում ենք նաև գործարկել մեր դասընթացների անգլերեն և ռուսերեն  լեզուներով  տարբերակները, որոնց պահանջը ևս շատ մեծ է վերջին շրջանում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am