Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ կին զինծառայողների

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ նախագահը պետական պարգևներ է 
հանձնել մի խումբ կին զինծառայողների

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պետական պարգևների են արժանացել մի խումբ կին զինծառայողներ:

Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաև մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների: Հանրապետության նախագահի կողմից առանձին նվեր է հանձնվել նաև ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով տոնի առիթով՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ մայրը ոչ միայն ընտանիքի սյունն է, այլև, անհրաժեշտության դեպքում, հագնում է զինվորական համազգեստ՝ պաշտպանելու հայրենիքը:

Նախագահը նշել է, որ կանայք, անկախ մասնագիտությունից, լավագույն որակներով են դրսևորում իրենց. «Այս հանդիպումից առաջ խոսում էի պաշտպանության նախարարի հետ, նա հակիրճ ներկայացրեց այն հերոսությունները, որ դուք կատարել եք: Գլուխ եմ խոնարհում ձեր առջև:

Ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև հսկայական սիրո ոչ միայն ձեր ընտանիքի, ամուսնու, ծնողների, այլև մեր ողջ ժողովրդի կողմից: Մեր բուժքույրերը, զինվորական բուժքույրերը ոչ միայն զինվոր, ոչ միայն բժիշկ են եղել, այլ նաև՝ քույր, մայր և փորձել են ամեն ինչ անել, որ մեր տղաների կյանքը փրկեն:

Չեմ կարող չխոսել այն մայրերի մասին, որոնք իրենց զավակներին են կորցրել: Հազարավոր մեր փայլուն երիտասարդների կորուստը հսկայական կորուստ է մեր բոլորի ու նրանց ընտանիքների համար: Բոլորս, նախ և առաջ պետությունը, պարտականություն ունենք չմոռանալ այդ ընտանիքներին, չմոռանալ այն տղաներին և աղջիկներին, որոնք պատերազմի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը, ինչպես նաև նրանց, որոնք վերադարձան վիրավորված և նրանց, ովքեր շարունակում են ծառայել»:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Համավարակը մեր ժողովրդից խլել է մոտավորապես նույնքան զոհ, որքան պատերազմը, և շարունակում է խլել: Այստեղ նույնպես ռազմաճակատ է, և բոլորիս մասնակցության կարիքը կա, զգոնության, կարգապահության կարիք ունենք»:

Եզրափակելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի առավելագույնը՝ իսկապես նոր և ուժեղ հայրենիք կառուցելու համար: «Մեր պարտականությունն է կառուցել իսկապես նոր և ուժեղ հայրենիք: Վստահ եմ, որ միասին ոտքի ենք կանգնեցնելու մեր հայրենիքը, և նոր հաղթանակների և հպարտության օրերը դեռ գալու են,- նշել է Հանրապետության նախագահը: -Բոլորս միասին ձեռք ձեռքի տված, միասնական, առանց բաժանվելու գույների ու հայացքների, առաջ պետք է գնանք: Բոլորս նույն տան մեջ ենք, և մեր երեխաների համար պետք է ավելի պայծառ և ապահով ապագա կառուցենք, որպեսզի նրանք շարունակեն ապրել այս պատմական և գեղեցիկ հայրենիքում, որի համար իրենց կյանքն են տվել մեր երիտասարդները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am