Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հետմահու պարգեւատրվեց ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանը

Հետմահու պարգեւատրվեց ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանը

ԳԱՎԱՌ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի գերեզմանոցում ԱՀ ՊԲ զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի անունից հետմահու «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով պարգեւատրեց Նորատուս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող, Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Կարեն Սասունի Բադոյանին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պարգեւատրման արարողությունը համատեղվեց Սուրբ Հարության տոնի մեռելոցի առիթով ընտանեկան գերեզմանոցում կատարված այցելության հետ։

Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, հերոսի ծնողներն ու հարազատները, պաշտոնատար այլ անձինք։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Տեր Բարսեղյանը։ Այնուհետ Կարեն Բադոյանի անցած զինվորական ծառայությունն ու մարտական հերոսական ուղին ներկայացրեց Արցախի Հանրապետության ՊԲ    զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը։   «Կարեն Բադոյանը ժամկետային զինվորական ծառայության է անցել 2019 թվականի հունվարից, ծառայել է Պաշտպանության բանակում։ Ծառայության ընթացքում, մինչեւ 2020 թվականի  սեպտեմբերի 27-ին Արցախում բռնկված պատերազմը, Կարենն աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ, կարգապահությամբ ու քաջությամբ՝ քանիցս արժանանալով զորամասի հրամանատարության խրախուսանքներին։ Մարտական գործողությունների ծավալման առաջին իսկ օրվանից Կարեն Բադոյանն ու իր մարտական ընկերները դիմագրավել են թշնամուն՝ նրան պատճառելով կենդանի ուժի եւ մարտական տեխնիկայի մեծ կորուստներ։ Կարենը մարտական գործողություններին մասնակցել է նախ Կարախանբեյլի, ապա՝Մարտունու շրջանի Ալիբալի հատվածում։ Դասակի հրամանատարի բացակայության պայմաններում նա ընդունել է դասակի հրամանատարությունը եւ ցուցաբերել անօրինակ խիզախություն, սառնասրտություն ու մասնագիտական հմտություն՝ քանիցս կասեցնելով թշնամու առաջխաղացումը։ Ընդհանուր առմամբ նա խոցել է թշնամու 6 տանկ եւ 1 բեռնատար ավտոմեքենա։ Կարենի եւ իր դասակի զինվորների համար ճակատագրական է եղել 2020 թվականի նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ թշնամին կրկին գրոհի է անցել մեծ ուժերով։ Կարենն ու իր մարտական ընկերները զոհվել են անօդաչու սարքի հարվածից։ Ցուցաբերած քաջության եւ արիության համար նա ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է պետական բարձր պարգեւի։ Նրա սխրանքը երբեք չի մոռացվի։ Խոնարհվում ենք նրա սուրբ շիրիմի եւ պայծառ հիշատակի առջեւ»,-ներկայացրեց զորամասի հրամանատարի տեղակալը՝ շքանշանը հանձնելով հերոսի հայր Սասուն Բադոյանին։

Կարեն Բադոյանի ծնողներին եւ հարազատներին սփոփանքի խոսքեր ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Բոլորս միասին չափազանց բարդ եւ ծանր ժամանակներ ենք ապրել, տվել թանկագին կորուստներ, սակայն Կարենի ու հազարավոր հերոս տղաների կյանքի գնով պահպանվեց մեր հայրենիքը, ինչն էլ առավել հուսադրում ու մխիթարում է մեզ։ Կարենի, նրա ծառայակից ընկերների մասին դեռ երկար կպատմեն ու կգրեն, նրանց անունները հավերժորեն կքաջալերեն գալիք սերունդներին։ Այո, մենք պարտք մնացինք այդ տղաներին, եւ այդ պարտքը պիտի հատուցենք մեր աշխարհը կառուցելու եւ շենացնելու գնով, այն աշխարհը, որը պահպանվեց միայն ու միայն նրանց կյանքի ու արյան գնով։ Հավերժ փառք նրանց»,- ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Արարողության մասնակիցները ծաղկեդրումով ու խնկարկումով հարգեցին Կարեն  Բադոյանի հիշատակը։ Ծաղկեդրման և խնկարկման արարողություններ կատարվել են նաև մարզի մյուս համայնքների զոհված զինծառայողների շիրիմներին: 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]