Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում անհավասար վերաբերմունքի մասին լուրերը

Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում 
անհավասար վերաբերմունքի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթ կա, սակայն այն փոքրանում է, անկախ ազգությունից՝ բոլորի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, որևէ մեքենայի թույլ չի տրվում արտահերթ անցնել՝ բացառությամբ թույլատրված հատուկ դեպքերի:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը վստահեցրեց՝ փչացող հայկական ապրանքներ չկան, լինելու դեպքում ինքն անպայման ահազանգ կստանար:

«Հերթ, այո՛, կա, Վրաստանում Խաչի լեռնանցքի փակ լինելու պատճառով 5 օր կանգնեց, հետո բացվեց: Հիմա արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է: Ամեն օր մաքսավորները շատ մեծ քանակի մեքենաներ են բաց թողնում, բայց նաև մեծ քանակ էլ ավելանում է: Հերթը փոքրանում է: Բոլորը մի հերթում են կանգնած՝ լինի հայ, թուրք, վրացի, ուզբեկ, ռուս, բելառուս, ուկրաինացի: Եվ ոչ մեկի չեն թողնի արտահերթ դուրս գալ հերթից»,-ասաց Թանանյանն ու հավելեց՝ նույնիսկ դատարկ մեքենաներին թույլ չեն տալիս արտահերթ անցնել, արտահերթ անցկացնում են կենդանիներին, փչացող ապրանքները, վառելիքը, հեղուկ գազը և այլն:

Շրջանառվող տեղեկությունները, թե ռուսները օգնում են ադրբեջանական բեռնատարներին անցնել, Թանանյանն անհեթեթություն որակեց: «Մաքսավորները, տեսուչները որևէ մեկին չեն աջակցում, ադրբեջանցիներին՝ առավել ևս: Բոլորին վերաբերվում են հավասարապես: Այդպիսի բան երբևէ չի եղել»,-նշեց Թանանյանը:

Միևնույն ժամանակ մաքսային կցորդը չի նկատել, որ այդ հատվածով ադրբեջանական մեքենաներ անցնեն, դրանք հատուկենտ կարող են լինել: «Իրենք Բաքվից Մախաչկալայով հանգիստ մտնում են Ռուսաստան»,-նշեց նա:

Թանանյանը նաև վստահեցրեց, որ եթե բեռնատարներում փչացող բեռ է լինում, անգամ Լարսին չմոտեցած՝բեռնատարների վարորդները, բեռնափոխադրողներն իրենց իսկույն հայտնում են այդ մասին: «Եթե ինձ չեն զանգել, նշանակում է, որ փչացող բեռ չունենք»,-ասաց նա:

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 1500-ից ավելի մեքենա կա կանգնած: Կցորդի խոսքով՝ երբ հերթը կանգնում է, օրական մոտ 500 մեքենա ավելանում է, ինչը շուրջ 7-8 կմ է: «Եթե հինգ օր կանգնել է, ապա 35 կմ հերթ է առաջացել՝ կտոր-կտոր՝ Լարսի մատույցներում, Վլադիկավկազի մերձքաղաքային գոտում, Ուրուխում»,-նշեց Թանանյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական բեռնատարների վարորդների հետ մշտական կապի մեջ է, տեղյակ է բոլորի խնդիրներին, հաճախ է մոտենում կանգնած մեքենաներին, հետաքրքրվում խնդիրներով, զրուցում վարորդների հետ: «Արտառոց իրավիճակ, լարվածություն չկա»,-հավելեց Թանանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]