Ջրի խնայում, բերքի որակի բարձրացում. պետությունը խրախուսում է ոռոգման արդիական համակարգերի ներդրումը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին 1-2 տարում ակտիվացել է պետական աջակցությամբ կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման պահանջարկը. սա թույլ է տալիս խնայել ոռոգման ջուրը, բացի այդ՝ ստանալ անհամեմատ ավելի լավ որակով բերք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետի պաշտոնակատար Իռա Փանոսյանը:
«Ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը շատ կարևոր է գյուղատնտեսության զարգացման համար: Ոռոգման արդիական համակարգերը մասնավորապես նպաստում են գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը: Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով այդ համակարգերի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում, աջակցում, սուբսիդավորում է տնտեսավարողներին, որ կարողանան դրանք ներդնել իրենց տնտեսություններում»,- ասաց Փանոսյանը:
«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ փոխհատուցման և վարկերի սուբսիդավորման: Ըստ այս ծրագրի՝ սուբսիդավորվող վարկերը հասանելի են դառնում 0 տոկոս տոկոսադրույքով: Գործում է նաև ծախսի փոխհատուցման տարբերակը: Եթե տնտեսավարողն իր միջոցներով է ներդրել ոռոգման արդիական համակարգերը՝ չցանկանալով վարկ վերցնել, պետությունը կատարում է այդ ծախսերի հետվերադարձ՝ 1 հա-ի հաշվով 16 տոկոս, սահմանամերձ համայնքներում՝ 18 տոկոս: «Պետությունը ցանկանում է խթանել, որ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ևս ներդրվեն ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներ: Արդյունքում այդ տարածքների համար մինչև 18 տոկոս փոխհատուցում է արվում»,-ասաց Փանոսյանն ու հավելեց՝ այսպիսով կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերի կիրառմամբ տնտեսավարողները խնայում են ջուրը և վարում ավելի արդյունավետ գյուղատնտեսություն:
Նրա խոսքով՝ առանց այդ առաջադեմ տեխնոլոգիաների՝ ոռոգման ընթացքում ջրի կորուստները հիմնականում շատ մեծ են լինում: Հանրապետությունում դեռ քիչ տարածքներ կան, որոնց ոռոգումն արվում է արդիական համակարգերով: Փանոսյանը նկատել է, որ սակայն վերջին 1-2 տարիներին բավականին ակտիվացել են այն տնտեսավարողները, որոնք ցանկանում են այդ ծրագրի շրջանակում անցնել առաջադիմական տեխնոլոգիաների ներդրմանը՝ կաթիլային ոռոգման համակարգի:
2020-ին «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում ներդրվել են շուրջ 229 հա կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր, մեծ մասը եղել են կաթիլային համակարգերը: 2019-ին ներդրվել է 217 հա: «Վերջին 2 տարում շահառուների թիվը կտրուկ ավելացել է: Մարդիկ, տեսնելով արդյունավետությունը, փորձում են անցնել կաթիլային ոռոգման համակարգի»,-նշեց նա:
Բացի այդ, գործող «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում պարտադիր պահանջ է ոռոգման արդիական համակարգերի կիրառումը: Այս տարի այդ ծրագրով հիմնվել է շուրջ 500 հա ինտենսիվ այգի, դրանց ոռոգման արդիական համակարգերի կիրառումը պարտադիր է:
Փանոսյանը վստահեցնում է, որ ոռոգման արդիական համակարգերն օգնում են ոչ միայն ջուրը խնայողաբար օգտագործելուն, այլ նաև ազդեցություն են ունենում բերքի որակի վրա: Կաթիլային ոռոգման դեպքում նաև պարարտանյութերն են ջրի միջոցով հասցվում բույսին, սնուցվում է անմիջապես բույսի արմատը: «Նախարարության ուղերձն է տնտեսավարողներին՝ օգտվել պետության ընձեռած հնարավորությունից, դիմել պետական աջակցության ծագրին և ներդնել ոռոգման արդիական համակարգեր: Եվ սա հնարավորություն կտա նրանց առավել քիչ ջուր օգտագործել, ջրի ավելի քիչ վարձ վճարել»,-ասաց Փանոսյանը:
Աննա Գրիգորյան