Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են գերիների վերադարձին առնչվող 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն իրականացվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների` միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող ծրագրված գործողություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ կապված գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ հայտնելով, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվող գործընթացի վերաբերյալ ՄԻՊ-ն արդեն իսկ դիմել է համապատասխան միջազգային ատյաններին:

Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ անդրադարձել են ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Արման Թաթոյանը նախագահին մանրամասն տեղեկություններ է տրամադրել ՄԻՊ-ի աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են ներգրավված բոլոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ միջազգային ատյաններում հայկական կողմի մտահոգություններն ու արձանագրված խնդիրները բարձրացնելու ուղղություններով:

Այս համատեքստում նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող աշխատանքները, մասնագիտական դիտարկումներն ու փաստահավաք գործունեությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am